Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փորձում եմ վայելել կյանքիս յուրաքանչյուր վայրկյանը և իմաստավորել իմ ու մերձավորներիս կյանքը. Գրիգ

Փորձում եմ վայելել կյանքիս յուրաքանչյուր վայրկյանը և իմաստավորել իմ ու 
մերձավորներիս կյանքը. Գրիգ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գրող Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն (2015 թ.) մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցասերների շրջանում: Այն 2016 թվականին «Երևանյան բեսթսելեր» նախագծի շրջանակում արժանացավ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հիմնած Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի: Նույն տարում գրքի համար հեղինակին շնորհվեց ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը: Շուտով գիրքը կվերահրատարակվի: Այս առիթով  «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Գրիգի հետ:

-Ծնվել եք գեղանկարչի ընտանիքում: Երբևէ փորձե՞լ եք նկարել, թե՞ ձեզ ի սկզբանե գիրն ու գրականությունն է գրավել:

-Հորս՝ Կարապետ Շաշիկյանի, ազդեցությունն ինձ վրա շատ մեծ է, և ես բազմիցս փորձել եմ նկարել, բայց լավ չի ստացվել: Եթե նկարել սովորելու ցանկություն ունեի, ապա գրելու՝ ոչ:  Չգիտեմ՝ ինչու: Վաղ հասակից գիրք կարդալ էի սիրում. հայրս մեծ գրադարան ունի, որից օգտվում էի՝ ծանոթանալով հանճարեղ գրողների ստեղծագործություններին: Ժամանակին ինձ համար գեղարվեստական գրքեր ընթերցելը չափազանց հետաքրքիր էր, հիմա ավելի շատ մասնագիտական՝ գրականագիտական գրականություն եմ կարդում:

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ չեք վախենում կրել այլ ստեղծագործողների ազդեցությունը:

-Կարծում եմ, որ իմ գրականությանը ծանոթ մարդը կարող է ասել, թե ինչ ազդեցություններ եմ ես կրել: Միշտ ասում եմ, որ սիրում եմ Վիլյամ Սարոյանի, Ֆրանց Կաֆկայի և այլոց գործերը: Գուցե նրանցից յուրաքանչյուրն իր հետքը թողել է իմ ստեղծագործությունների վրա: Հիշում եմ, երբ հայրս ինչ-որ գիրք էր բերում ու ասում, որ պետք է այն կարդալ, ես պարտավոր էի տվյալ գիրքը հավանել ու սիրել:

-«Հիսուսի կատուն» կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ դուք կոնկրետ ինչ-որ մեկին եք պատմում գրքում տեղ գտած դեպքերի, մարդկանց մասին: Այդպե՞ս է:

-Իմ երկխոսությունը հորս հետ է: Առաջինը նրա համար եմ գրում: Հետաքրքիր պատմություն կա. երբ մեքսիկացի գրող Խուան  Ռուլֆոյին հարցնում են, թե ինչու՞ է դադարել գրել, նա ասում է, որ իր քեռին մահացել է: Բոլորն ապշում են այդ պատասխանից՝ չհասկանալով, թե ինչ նկատի ունի գրողը: Հետո Ռուլֆոն շարունակում է. «Քեռիս պատմում էր, իսկ ես՝ գրում: Նա այլևս չկա, ուստի ես չեմ գրում»: Իմ ու հորս հարաբերությունները նման են Ռուլֆոյի պատմածին. առաջինը հորս համար եմ գրում:

-Ի՞նչ դեր է խաղացել ձեր կյանքում մանկությունը, և ինչպե՞ս է այն անդրադարձել ձեր գրականության վրա:

-«Հիսուսի կատուն» գրքի երկրորդ մասում տեղ են գտել պատմվածքներ, որոնք  համացանցում չկան: Դրանք անմիջականորեն կապված են իմ մանկության հետ: Ներկայացրել եմ իմ ապրած տարիները Գերմանիայում, ուր մեկնել էի առողջական խնդիրներիս պատճառով: Ինձ հետ կային տարբեր ծանր հիվանդություններով տառապող երեխաներ Անգոլայից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից, որոնք պայքարում էին կյանքի համար: 12 տարեկան էի ու մինչ օրս  հիշում եմ նրանց դիմագծերը, ձայնի ելևէջները… Եվ չգիտեմ՝ նրանցից ով է կենդանի մնացել, ով՝ ոչ:  Հիմա վեպ եմ գրում այդ երեխաների մասին: Այստեղ ներկայացնում եմ  վիճաբանություններ, որոնք տեղի են ունենում տարբեր ազգերի ներկայացուցիչերի միջև, բարեկամական հարաբերություններ, բազմաձայնության միջոցով բարձրացրել եմ հարցեր, որոնք ինքս պետք է հասկանամ: Նոր գործի անունը դեռ չեմ որոշել:

-«Հիսուսի կատուն» սիրեցին ու բարձր գնահատեցին ընթերցողները:   Մտավախություն չունե՞ք, որ հաջորդ գիրքը գուցե չկրկնի նախորդի հաջողությունը:

-Հայրս կհավանի կամ ոչ, հետո ի՞նչ կլինի, չգիտեմ:

-Իսկ ձեր հորից բացի կա՞ն այլ մարդիկ, որոնց կարծիքը նույնպես կարևորում եք:

-Կան նման մարդիկ, բայց կառանձնացնեմ արձակագիր Գուրգեն Խանջյանին: Նա  հորս հետ զուգահեռաբար ծանոթանում է իմ գործերին: Առանց Խանջյանի չէր լինի այս գիրքը: Նա առաջին մարդն էր, ով հավատաց ինձ: Երբ նրան ներկայացրի իմ ստեղծագործություններից մի քանիսը, հույս չունեի, որ կհավանի, մտածում էի՝ ի՞նչ եմ գրել որ… Սակայն կարդաց, զանգահարեց ու տպագրեց «Գրեթերթում»:

-Երբ տպագրվեց գիրքը, ի՞նչ զգացողություններ ունեցաք:

-Քանի դեռ պատմվածքներս տպագրված չէին, ես դրանք փոփոխում էի, ուզում էի ազատվել դրանցից, ասես բեռ լինեին, որը ծանրացել էր ուսերիս: Հանգստացա, երբ դրանք տպագրված տեսա ու սկսեցի վեպ գրել:

-Գիրքն ընթերցելիս տարբեր հույզեր ենք ապրում՝ վախ, տխրություն, զարմանք: Նկատել եմ, որ ձեր հերոսները տխուր են, դժբախտ, ինչու՞:

-Ապրելով վայելում ենք կյանքի ուրախ ու երջանիկ ակնթարթները, իսկ տխուր բաների մասին, կարծում եմ, գրել է պետք: Արվեստի յուրաքանչյուր գործ ծնվում է ցավից, տառապանքից: Փոքր ժամանակ առողջական խնդիրների պատճառով ես չէի կարողանում հեծանիվ քշել: Ի՞նչ պետք է  անեի. գրեի այն մարդու մասին, ով վարում էր: Այդ ձևով ասես իմաստավորում եմ կյանքս:

Ընդգծեմ, որ ինձ մեր քաղաքի ներկայիս վիճակը շատ է անհանգստացնում և ոչ միայն քաղաքի, այլև ողջ Հայաստանի: Անտունները շատ են, և ամեն ձմռանից հետո նրանցից շատերին այլևս չենք տեսնում, բայց հիշում ենք, չէ՞: Հիշում եմ նրանց, ուրեմն, նրանք կան: Ցանկանում եմ նրանց պահել թղթի տիրույթում և, գրելով, կարողանում եմ ազատվել լքված մարդկանց  հետ կապված հիշողություններից:

-Ժամանակակից գրողները բավականին ազատ, բաց տեսարաններով հարուստ գրականություն են ստեղծում: Ձեր գրքում չեմ հանդիպել սեքսի, սիրային տեսարանների: Ինչու՞ չեք անդրադառնում կին-տղամարդ հարաբերություններին:

-Պատմվածքներից մեկի հերոսն ասում է, որ իր կինը ճանապարհն է: Կինն ինձ համար ընկալվում է իբրև փրկող օղակ, մեկը, ով անվերապահորեն պետք է հավատա, թև ու թիկունք լինի: Ամենաթանկ բաների մասին ես չեմ սիրում բարձրաձայնել ու բնույթով սեփականատեր եմ:

-Ձեր գործերում կա միստիկա, որը ընթերցողին գամում է գրքին ու լարված պահում մինչև վերջ: Դա հատու՞կ է արվել, թե՞...

-Հավատում եմ միստիկային, հավատում, որ ոչ մի հանդիպում պատահաբար չի լինում, որ զրուցակցիս շուրթերով ինձ ասվում է մի բան, ինչն անհրաժեշտ է, օգնում է ինձ: Կարծում եմ, որ իրերը նույնպես հիշողություն ունեն: Երբ ինչ-որ մեկից մի բան ես վերցնում, վերցնում ես նաև դրա դրական կամ բացասական էներգիան, հետևաբար պետք է զգույշ լինել:

-Ի՞նչն եք ատում:

-Վախն եմ ատում: Գարշում եմ դրանից, բայց բազմաթիվ վախեր ունեմ: Հարազատ մարդու մահը, սեփական մահը սարսափելի վախեր են:  Պատմվածքներիցս մեկում միայնակ ու անտուն մարդը մոտենում է գրավաճառին ու Լևոն Խեչոյանի գիրքը խնդրում:

Հասկանում ես, որ նա հասարակ մարդ չէ, ինտելեկտուալ է:  Այդ ժամանակ սկսում ես երկյուղել, որ մի օր գուցե քո գրադարանը ստիպված լինես վաճառել ու նման կարգավիճակում հայտնվել: Հասկանում ես, որ քաղաքը մարդասպան է, այն ապահով չէ, կարող ես անհետ կորչել, և ոչ ոք չի նկատի: Այդ իսկ պատճառով փորձում եմ վայելել կյանքիս յուրաքանչյուր վայրկյանը և իմաստավորել իմ ու մերձավորներիս կյանքը:

-Ե՞րբ  կարող ենք ձեռք բերել «Հիսուսի կատուն» գրքի նոր հրատարակությունը:

-Կարծում եմ՝ սեպտեմբերին այն արդեն պատրաստ կլինի, շապիկը կփոխվի հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]