Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Ծխողի գրպանին խփելը ծխելու դեմ ամենալավ միջոցն է. Ալթունյան 


ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր կանխատեսումների համաձայն Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունները թույլ կտան առաջիկա քառասուն տարում կանխել ավելի քան 18700 մահվան դեպք։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս կանխատեսումներ է արել։ Դրանք վկայում են, որ ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային համահունչ հակածխախոտային խիստ քաղաքականության ներդրումը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում կբերի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դրական արդյունքների։ Այսպիսով՝ այս ամենը կնպաստի բնակչության առողջության պահպանմանը։ 
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշեց, որ աշխարհում ծխելու հետևանքով մահանում է տարեկան 7 մլն մարդ և բավականին մեծ թիվ պասիվ ծխելու արդյունքում։ 
Նրա պնդմամբ, կարելի է պայքարել ծխելու դեմ՝ հարվածելով մարդու գրպանին։ 
«Ծխախոտի օգտագործումը աշխարհում մահվան ամենականխվող պատճառներից է։ Եթե պատկերացնենք, որ վերացնում ենք ծխախոտը մարդկանց կյանքից, ապա տարեկան 7 մլն մարդ չէր մահանա։ Ամեն տարի այդ թիվը մեծանում է, և նրանք ոչ թե մահանում են, այլև կորցնում են կյանքի որակը՝ դառնում են հաշմանդամ, լուրջ վիրահատությունների են ենթարկվում։ Եվս մեկ թիվ կա, որ կցանկանայի բարձրաձայնել՝ տարեկան 600.000 մարդ մահանում է պասիվ ծխելուց»,- ասաց Զայցևը։ 
Նրա պնդմամբ, ծխելու դեմ պայքարի հիմնական միջոցներից են հարկերը, գովազդների և հովանավորության արգելքը, ԶԼՄ-ները և ծխախոտների տուփերի վրա սարսափեցնող պատկերները։ 
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի  խոսքով՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայերը շատ ծխող ազգ են։ 
«Ես հանձնարարական ունեմ և հանրապետության նախագահից և վարչապետից, որպեսզի մենք պատերազմ հայտարարենք ծխելուն, հաղթենք այս չարիքին՝ ծխախոտին։ Հետևյալ կերպ կարող ենք ծխողների քանակը նվազեցնել 30-40 տոկոսով։ Ես նույնպես համաձայն եմ, որ մարդու գրպանին հարվածելը ամենալավ միջոցն է։ Հոգեբանորեն ազդեցություն ունենալը այն չէ, ինչ գրպանին խփելը։ Կարելի է այգելել ծխել այն վայրերում, որտեղ մարդն ուզում է ծխել, և թույլատրել այնտեղ, որտեղ տհաճ կլինի ծխելը։ Ընտանիքները կհարստանան՝ ծխելը թողնելով»,- ընդգծեց նախարարը։ 
ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շեշտեց, որ Հայաստանում ծխելը շարունակում է շատ լուրջ խնդիր մնալ։  «Այժմ Կառավարությունում մի ծրագիր է ներկայացված, որը վերաբերում է ծխախոտի դեմ պայքարին։ Ծրագիրը նախատեսում է բավականին կոշտ օրենսդրական փոփոխություններ, թե՛ գովազդի, թե՛ հասարակական վայրերում ծխելու հետ կապված։ Կարող եմ ասել, որ համաձայն վիճակագրական տվյալների մեր երկրում ամեն երկրորդ չափահաս տղամարդ կանոնավոր ծխախոտ օգտագործող է»,- նշեց Բազարչյանը։ 
Մայիսի 31-ն «Առանց ծխախոտի» համաշխարհային օրն է։  
Այս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք»։ 
2015 թվականի ծխախոտի համաճարակի վերաբերյալ ԱՀԿ զեկույցի համաձայն՝ 2012 թվականին Հայաստանում մեծահասակների շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը 25,4 տոկոս է (տղամարդիկ 50,9 տոկոս, կանայք՝ 3,2 տոկոս)։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ