Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Երևանյան բեսթսելեր 4/61. Սվետլանա Ալեքսիևիչի «Ցինկե տղաները» ամենավաճառվածների ցանկում է


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն, որը հեղինակի երկրորդ գիրքն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը երկրորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» կրկին երրորդ տեղում է: Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Չորրորդ հորիզոնականում է բելառուս գրող և լրագրող Սվետլանա Ալեքսիևիչի «Ցինկե տղաները» գիրքը: Հեղինակն արժանացել է գրականության բնագավառում 2015 թ. Նոբելյան մրցանակին: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստան զորք մտցնելու մասին, հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»:

Աղյուսակ է վերադարձել և հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն:

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքն այս շաբաթ բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը վերադարձել է վարկանիշային աղյուսակ և յոթերորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպն այս անգամ ութերորդն է: Այն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Այն շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: 2002թ. պորտուգալական «Դե Լետրաշ» ամսագիրը, որը համարվում է տեղական գրականության հրատարակման և գրական շուկայի հեղինակությունը, հայտարարել է, որ «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակին:

Ջորջ Օրուելի «1984» վեպը իններորդ հորիզոնականում է: Այն լույս է տեսել Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:  

Ցանկը եզրափակում է Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին: Գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 19-ին: «Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված  երիցուկներ»

Անտարես 62
2 0

Մարկ Արեն

«Այնտեղ որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 24
3 0

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 23
4 Նոր

Սվետլանա Ալեքսիևիչ

«Ցինկե տղաները»

Բուկինիստ 19
5 *

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 15
6 +2

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 13
7 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 11
8 -1

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 8
9 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 7
10 -6

Արամ Պաչյան

«Ցտեսություն, ծիտ»

Դարակ 7

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: 



Այս թեմայով

... վերջին լուր "Մանկական բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ