Երևանյան բեսթսելեր 4/61. Սվետլանա Ալեքսիևիչի «Ցինկե տղաները» ամենավաճառվածների ցանկում է
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն, որը հեղինակի երկրորդ գիրքն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը երկրորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» կրկին երրորդ տեղում է: Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Չորրորդ հորիզոնականում է բելառուս գրող և լրագրող Սվետլանա Ալեքսիևիչի «Ցինկե տղաները» գիրքը: Հեղինակն արժանացել է գրականության բնագավառում 2015 թ. Նոբելյան մրցանակին: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստան զորք մտցնելու մասին, հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»:
Աղյուսակ է վերադարձել և հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն:
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքն այս շաբաթ բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը վերադարձել է վարկանիշային աղյուսակ և յոթերորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:
Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպն այս անգամ ութերորդն է: Այն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Այն շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: 2002թ. պորտուգալական «Դե Լետրաշ» ամսագիրը, որը համարվում է տեղական գրականության հրատարակման և գրական շուկայի հեղինակությունը, հայտարարել է, որ «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակին:
Ջորջ Օրուելի «1984» վեպը իններորդ հորիզոնականում է: Այն լույս է տեսել Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Ցանկը եզրափակում է Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին: Գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 19-ին: «Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0Էդգար Հարությունյան
«Չգտնված երիցուկներ»
Անտարես 62 2 0Մարկ Արեն
«Այնտեղ որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
Բուկինիստ 24 3 0Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 23 4 ՆորՍվետլանա Ալեքսիևիչ
«Ցինկե տղաները»
Բուկինիստ 19 5 *Էդգար Հարությունյան
«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»
Անտարես 15 6 +2Սպենսեր Ջոնսոն
«Ու՞ր է իմ պանիրը»
Էդիթ Պրինտ 13 7 *Ռեյ Բրեդբըրի
«Ֆարենհայթ 451»
Զանգակ 11 8 -1Պաուլու Կոելյու
«Ալքիմիկոսը»
Անտարես 8 9 *Ջորջ Օրուել
«1984»
Անտարես 7 10 -6Արամ Պաչյան
«Ցտեսություն, ծիտ»
Դարակ 7«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
- «Երևանյան բեսթսելեր». Հարրի Փոթերի մասին գրքերն առաջին հորիզոնականում են.
Մանկական գրականություն. մայիս, 2019
- Մանկական բեսթսելեր 5/2. «Հեքիաթներ քնելուց առաջ» գիրքն
ամենավաճառվածների աղյուսակում է
- Մանկական բեսթսելեր 4/25. «Խորհրդավոր պարտեզը» ամենավաճառվածներից է
- Մանկական բեսթսելեր 4/24. «Հեքիաթներ բարու և չարի մասին» և «Լինում է, չի լինում»
գրքերն ամենավաճառվածների ցանկում են
- Մանկական բեսթսելեր 4/23. Հարրի Փոթերի մասին պատմող երեք գրքերը
ամենավաճառվածների ցանկում են