Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բունդեսթագ նախագիծ է ներկայացվել Ինջիրլիքից գերմանացի զինվորներին ետ կանչելու մասին

Բունդեսթագ նախագիծ է ներկայացվել Ինջիրլիքից գերմանացի զինվորներին ետ 
կանչելու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ Կանաչների ու Ձախերի կուսակցությունները, համատեղ առաջարկ են ներկայացրել, որով հորդորում են անմիջապես ետ քաշել գերմանացի զինվորներին Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Գերմանական բանակը խորհրդարանի բանակն է, և խորհրդարանականը պետք է ամեն պահի վերահսկի այն: Այդ պատճառով գերմանական բանակը պետք է անմիջապես ետ քաշվի Ինջիրլիքի ռազմաբազայից»,- ասվում է կուսակցությունների ներկայացրած առաջարկում:

Խնդրի առնչությամբ իր տեսակետն է հայտնել Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, ով ընդգծել է, որ Բունդեսթագի պատգամավորների այցն արգելելը «ՆԱՏՕ-ի գործընկերների շրջանակում վստահության կորուստ է համարվում»: «Դաշնային կառավարությունը շատ երկար հետևեց, թե ինչպես է նախագահ Էրդողանը մեր զինվորներին վերածել արտաքին քաղաքական գործիքի»,- ասել է նա:

Ակնկալվում է, որ ընդդիմադիր կուսակցությունների առաջարկը մայիսի 17-ին քվեարկության կդրվի Բունդեսթագում: Իշխող կոալիցիայի՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Քրիստոնեադեմոկրատական միության մի շարք պատգամավորներ ևս ցանկություն էին հայտնել ետ կանչել գերմանացի զինվորներին Ինջիրլիքից:

Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորների հետ: Գերմանիայի արտգործնախարարությունը հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխին հայտնել է, որ թուրքական կառավարությունն իրենց մայիսի 10-ին հայտնել է գերմանացի զինվորների հետ տեսակցելու համար ներկայացված պահանջի մերժումը: Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ իրենց ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե գերմանացի պատգամավորների այցն «այս պահին նպատակահարմար չէ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am