Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Տղաներ, որ ելան մարտի». Հայկ Թորոսյանը պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարությունները

«Տղաներ, որ ելան մարտի». Հայկ Թորոսյանը պատրաստ է հաղթահարել բոլոր 
դժվարությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանին։ 

Հայկի հետ հանդիպեցինք Երևանի պետական համալսարանի դիմաց: Սովորում է բուհի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնում հեռակա ուսուցմամբ. այդ օրը առաջին կուրսի ավարտական վերջին քննությունն էր հանձնում։ 

Ժպիտը դեմքին մոտեցավ ինձ ու հենց այդ պահից էլ ձևավորվեցին առաջին պատկերացումներս։ Նրա հետ մի փոքր զրուցելուց հետո հասկացա, որ մեծ կամքի ուժ ունի և հստակ գիտի, թե մեկ տարի առաջ ինչի համար է պայքարել։ Հայկը խոսելիս հաճախ ժպտում էր, ու այդ ժպիտի տակ էր թաքնված նրա ուժն ու նպատակասլացությունը։ Այդ պահին համոզված էի, որ նրա համար ցանկացած դժվարություն հաղթահարելի է և նա կարող է պատվով դուրս գալ բոլոր իրավիճակներից։ 
Հայկի ուժն ու նպատակասլացությունը երևում էր նաև նրա ընտրած մասնագիտության մեջ ։ «1992 թվականի արցախյան հերոսամարտի մասնակից տղաներն են ինձ հուշել, որ սոցիալական աշխատողը շատ օգտակար մասնագիտություն է և բազմակողմանի։ Կարող եմ և՛ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, և՛ սոցիալական հարցերով զբաղվել։ Նրանք այն հույսով են ինձ խորհուրդ տվել ընտրել այս մասնագիտությունը, որպեսզի օգնեմ նրանց լուծել իրենց խնդիրները»։ 
Հայկը փորձում է թեթև նայել դժվարություններին։ «Մտածում եմ, որ չկա այնպիսի խնդիր, որ չլուծվի. ցանկացած պարագայում ելք կա։ Շատ նպատակներ ունեմ, բայց դրանց մասին դեռ չեմ մտածում։ Դրանք ավելի տեխնիկական հարցեր են, ամենակարևոր նպատակս է նորից վերականգնվել և առողջանալ վիրավորումից հետո»։ 
Հայկը պատերազմի ժամանակ թշնամու առաջին հարվածներն իր վրա է վերցրել և ծանր վիրավորվել։ Ափսոսում է, որ չի հասցրել կռվել և ավելին անել ու ընկերներին օգնել։ 
«Ծառայել եմ Մարտակերտում։ Հենց առաջին րոպեներին վիրավորվել եմ,  ես չեմ հիշում հենց բուն պատերազմը»։  
Մեր պատմության հերոսի մոտ գանգուղեղային թափանցող բեկորային կոտրվածք է եղել, որից առաջացել է ձախակողմյան կաթված՝ կիսագնդի վնասվածքի պատճառով։ Մեկ վիրահատություն է ունեցել՝ գլխի վիրահատությունը, որը կյանքը փրկելու համար է արվել։ Դեռ մեկն էլ սպասվում է՝ գլխի պլաստիկ վիրահատություն՝ երկու հատվածում գանգուղեղի ոսկորն է վնասված։ 
Հայկն ասում է, երբ դիրքեր ես բարձրանում՝ չես մտածում ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի մասին՝ ուղղակի անհիմն տագնապ կա, որ գնում ես մահվանն ընդառաջ։ Նա առաջին անգամ էր դիրքեր գնում ու այդ վախն իր համար բնական էր. «Այս պատերազմը ինձ ստիպեց ավելի արժևորել կյանքը, շատ բան փոխվեց իմ մեջ…»:

Վնասվածքը, որն ստացել է Հայկը, մեծամասամբ վտանգավոր է կյանքի համար, սակայն ճակատագիրը բարեհաճ է գտնվել նրա նկատմամբ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Չնայած նմանատիպ դժվարություններին, Հայկի խոսքերից երևում է, որ նա սիրում է կյանքը, որի համար պայքարել է և այժմ էլ, բացի նպատակներից, ունի երազանքներ, որոնցից ամենակարևորը առանձնացրեց. «Երազանքներս քիչ են, բայց ամենաշատը ցանկանում եմ շրջագայել աշխարհով։ Շատ ժամանակ փոշմանում ես, որ չես կարողացել կամ չես հասցրել ինչ-որ մի բան աշխարհում տեսնել։ Հայաստանի տարածքում շատ եմ եղել տարբեր տեսարժան վայրերում»։ 
Հարցրի, թե ո՞ր հատվածն է Հայաստանի ավելի շատ սիրում, զարմացած նայեց վրաս ու ինքն էլ ինձ հարց ուղղեց, թե ում եմ ավելի շատ սիրում մորս, թե՞ հորս։ Չպատասխանեցի, ասաց, թե ես էլ չեմ կարող ընտրել Հայաստանի որ հատվածն եմ ավելի շատ սիրում։ «Ինձ համար հստակ վայր չկա Հայաստանում, որ կարող եմ ասել, հենց սա է գեղեցիկ՝ ամեն մեկը յուրովի հետաքրքիր է»։ 
Հայկը բացի ճամփորդելուց այլ հետաքրքրություններ էլ ունի, սակայն վիրավորումից հետո առողջականը չի ներում շատ ժամանակ տրամադրել այդ ամենին։ 
«Ես բնույթով այնպիսի անձնավորություն եմ, չեմ կարողանում պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել ինչ-որ բանով։ Օրինակ՝ սպորտով միայն սիրողական մակարդակով եմ զբաղվում։ Բայց երբեմն նեղվում եմ, որ չեմ կարողանում օրինակ սպորտով զբաղվել։ 
Եզրափակեցի հարցազրույցն այն հարցով, թե նրա կարծիքով ինչն է իրեն փրկել, Հայկն անկեղծացավ. «Ես հավատքով մարդ եմ և ամենայն հավանականությամբ Աստված է փրկել ինձ»։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]