Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱՄՆ կշարունակի Հայաստանի հետ համագործակցել անվտանգության և տնտեսության ոլորտներում. Թիլերսոն

ԱՄՆ կշարունակի Հայաստանի հետ համագործակցել անվտանգության և տնտեսության 
ոլորտներում. Թիլերսոն

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ պետական քարտուղար Ռեքս Թիլերսոնն ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում Հայաստանը և Միացյալ Նահանգները ձևավորել են փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ Միացյալ Նահանգներն առաջին պետությունն էր, որ իր դեսպանությունը հիմնեց Երևանում և կանգնեց նորանկախ պետության կողքին, այդ թվում՝ լայն աջակցության ծրագրերի միջոցով, որոնք հատկապես կենսական էին պետության կայացման առաջին տարիներին:

Նախարար Նալբանդյանը գրում է, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը վերընթաց զարգացում է ապրում: Երկու երկրները սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպություններում՝ իրենց ներդրումը բերելով միջազգային ջանքերին՝ լուծումներ գտնելու ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին:

Հայաստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնում, որ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովն ու Առևտրի և ներդրումների խորհուրդը տնտեսական համագործակցությունը առաջ մղելու արդյունավետ ձևաչափեր են հանդիսանում: Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ զարգացման և ներդրումային ծրագրերին՝ նախարար Նալբանդյանը նշում է, որ դրանք երկկողմ համագործակցության կարևոր մաս են կազմում, որը մենք նպատակադրված ենք առավել ընդլայնել:

Իր ուղերձում Էդվարդ Նալբանդյանը շեշտում է, որ երկու երկրների հասարակությունների միջև շփումները խորանում են: Նախարարի խոսքերով, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արդյունավետ համագործակցություն է ծավալվում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և շատ այլ ոլորտներում:

Նախարար Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և վերահաստատում է Հայաստանի վճռականությունը՝ շարունակելու համանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտում է ԱՄՆ հայ համայնքի շոշափելի ներդրումը երկու պետությունների միջև հարաբերություններում` համոզմունք հայտնելով, որ այն կշարունակի հայ-ամերիկյան գործընկերության կարևոր կամուրջ հանդիսանալ: 

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր ուղերձում բարձր է գնահատում նախորդ քառորդ դարի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ծավալված գործընկերությունը:

ԱՄՆ պետքարտուղարը շեշտում է, որ Միացյալ Նահանգները հպարտ է Հայաստանի անկախությունից ի վեր միասին գրանցած ձեռքբերումներով:

Պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ ամերիկահայությունը անգնահատելի ներդրում է կատարում Հայաստանի և Միացյալ Նահանգների զարգացման գործում:

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին` Ռեքս Թիլերսոնն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի կառավարության, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ անվտանգությունը, ժողովրդավարությունն և տնտեսական զարգացումը խթանող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:

Անդրադառնալով ԱՄՆ և Հայաստանի միջև աճող տնտեսական համագործակցությանը՝ պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ հատկապես խոստումնալից են վերջին տարիներին պատմական բարձր մակարդակի հասած ԱՄՆ ներդրումները Հայաստանում: 

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծում է, որ Հայաստանն ունի հսկայական ներուժ, և լավատեսություն է հայտնում երկու երկրների միջև փոխշահավետ առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման հնարավորությունների շուրջ:

Պետքարտուղարը շեշտում է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները շարունակում է վճռական հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am