Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն նոր անկախ մարմին

Նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն նոր անկախ մարմին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ գործիք է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի  2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Եթե պաշտոնատար անձի կողմից ձեռքբերված գույքը կամ պարտավորությունները չհամապատասխանեն իր կողմից ներկայացված օրինական եկամուտներին, իրավապահ մարմինները կարող են հարուցել քրեական գործ ապօրինի հարստացման վերաբերյալ»,- նշեց Քրմոյանը:

Նրա խոսքով` սա միակ գործիքը չէ կոռուպցիայի դեմ պայքարում: Եթե իրավապահ համակարգը չկարողանա բացահայտել բուն կոռուպցիայի փաստը, այս գործիքի միջոցով կկարողանա ապօրինի հարստացումը քրեականացնել:

Ըստ Քրմոյանի` որոշում է ընդունվել նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ, որը զբաղվելու է կոռուպցիայի կանխարգելման հարցերով:

«Արդեն իսկ օրինագիծը մշակված է և լայն քննարկման է դրված: Մոտակա շաբաթների ընթացքում օրինագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը: Այս օրինագիծը հիմնականում կանխարգելիչ աշխատանք է կատարելու: Այն կլինի անկախ մարմին, որը զբաղվելու է կոռուպցիայի կանխարգելման հարցերով, բավականաչափ լայն լիազորությունների շրջանակներում»,- ընդգծեց Քրմոյանը:

Մյուս կարևոր քայլը կոռուպցիայի դեմ պայքարում, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի, հայտարարագիր ներկայացնող անձանց թվի ավելացումն է, որի առթիվ նոր օրինագիծ է մշակվել:

Քրմոյանը նշեց, որ բարեփոխվել է նաև պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրումը:

«Եթե նախկինում պաշտոնատար անձը հայտարարագրում էր միայն գույքը, եկամուտները և փոխկապակցված անձանց տվյալները, ապա հիմա եթե պաշտոնատար անձն ունի որոշակի շահեր բիզնես ոլորտում կամ այլ ոլորտներում նա պարտավոր կլինի դա նույնպես հայտարարագրել»,- նշեց Քրմոյանը և հավելեց, որ ներկայումս պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց բոլոր գործառույթները կատարել անկանխիկ ձևով, եթե մեկանգամյա գործարքի արժեքը գերազանցում է երկու միլիոն դրամը:

«Ամենակարևոր գործիքն այն է, որ լինելու է ազդարարման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն է տալու անանուն ազդարարել կոռուպցիոն հանցագործության մասին»,- եզրափակեց Քրմոյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հավելեց,որ  կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում նույնպես կատարվել են որոշակի փոփոխություններ:

«Նախկինում 3 քաղհասարակության ներկայացուցիչների փոխարեն 5 է նախատեսվել: Ընդ որում, առաջին անգամ 2 տեղ նախատեսվել է բիզնես միավորումների ներկայացուցիչների համար»,-  եզրափակեց Քրմոյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am