Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների հարկային հարցերով զբաղվող մասնագետներին

Հայաստանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների հարկային հարցերով զբաղվող 
մասնագետներին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվեց ԵԱՏՄ հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի հերթական 11-րդ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խնդրանքով ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալեց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի (տեսակապով) հարկային հարցերով զբաղվող մասնագետներին և գործընկերներին:

Նիստին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով որպես ՀՀ-ում հարկային քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու գերատեսչության ղեկավար` առանձնապես կարևորեց նման մասնագիտական մակարդակով հանդիպումների պարբերաբար կազմակերպումը, քանի որ նման հարթակների և հանդիպումների միջոցով է, որ հնարավոր է լինում կարգավորել ԵԱՏՄ տարածքում առկա կարգավորումը պահանջող խնդիրները:

«Բնական է, որ որպես նորաստեղծ միջազգային տնտեսական կազմակերպություն ԵԱՏՄ տարածքում պետք է ծագեն կարգավորման ենթակա բազմաթիվ խնդիրներ, և հենց նման տիպի հարթակներն ու հանդիպումներն են, որ հնարավորություն են տալիս հնարավորինս արագ արձագանքել, քննարկել և կարգավորել առկա խնդիրները»,- ասաց Արամյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի (վարչության) տնօրեն Դավթյան Տիգրանի տեղեկացմամբ նման նիստերն անցկացվում են տարեկան ոչ պակաս, քան 2 երկու անգամ, ԵԱՏՄ անդամ տարբեր երկրներում: Նրա խոսքով` նիստին քննարկվել են մի շարք կարևոր հարցեր:

«Ներկա էին բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները, բացի Բելառուսից, որը տեսակապի միջոցով էր մասնակցում: Բավականին խիտ և հետաքրքիր օրակարգ էր: Արդյունավետ անցան բոլոր քննարկումները: Եվրասիական տնտեսական միության գործունեության տարիների ընթացքում հասել ենք նրան, որ այսպիսի հանդիպումների միջոցով կարողանում ենք շտկել անդամ երկրների միջև տարաձայնությունները, որոնք պայմանավորված են յուրաքանչյուր երկրի հարկային յուրահատկություններով: Այդ պատճառով հարկավոր է ներդաշնակեցնել երկրների օրենսդրությունները: Մեր խնդիրը կայանում է նրանում, որ հնարավորինս մոտեցնենք ԵԱՏՄ անդամ երկրների հարկային օրենսդրությունները, որպեսզի տնտեսավարող սուբյեկտների համար ապրանքների և ծառայությունների շարժը լինի առավելագույնս հեշտացված»,- ասաց նա` հավելելով, որ իրենց նպատակն է խոչընդոտների վերացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am