Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկել է ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը

Հայաստանում մեկնարկել է ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի 
շուրջ բանակցությունների առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տրվեց  Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկը: Հայաստանի բանակցային խումբը ղեկավարում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Եվրոպական Միության բանակցային խումբը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը:

Բանակցությունների մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Եվրոպական Միության հետ ավիացիոն ընդհանուր գոտու միջոցով Հայաստանը դառնալու է ընդհանուր կարգավորման դաշտի անքակտելի բաղադրիչը: «Եվրոպական ստանդարտների և կանոնակարգերի կիրառման արդյունքում Հայաստանը կդառնա ավելի մեծ ընտանիքի անբաժան անդամը: Հայաստանն ի վիճակի կլինի օգտվել արտաքին աշխարհի հետ կապակցվածության ավելի լայն հնարավորություններից: Երկրի համար, որը, դժբախտաբար, դեռևս ունի փակ սահմաններ, արտաքին աշխարհի հետ նման կապակցվածությունը շատ մեծ կարևորություն ունի»,- ասաց Սվիտալսկին:

Նա հավելեց, որ համաձայնագիրը լուրջ օգուտներ կբերի նաև Հայաստանի շարքային քաղաքացիներին, սպառողներին: «Ես ցանկանում եմ, որպեսզի այս համաձայնագրի արդյունքում ավելի շատ լինեն թռիչքային կապերը Եվրոպայի և Հայաստանի միջև: Իհարկե, շատ դժվար է պարտադրել կոմերցիոն կազմակերպություններին, քանի որ իրենք են որոշում իրենց թռիչքուղիները կոնկրետ բիզնես հաշվարկների հիման վրա, սակայն պետք է ասել, որ այս համաձայնագիրը թույլ կտա, որպեսզի նրանք դրական դիտարկեն դեպի Հայաստան թռչելու հնարավորությունները: Առաջացող մրցակցության հետևանքով ավիատոմսերի գները կնվազեն, և Հայաստանի քաղաքացիները կկարողանան ավելի շատ ճանապարհորդել դեպի Եվրոպա և այլ վայրեր ամբողջ աշխարհում: Մենք լիահույս ենք, որ այս համաձայնագիրը շատ դրական արդյունքներ կբերի Հայաստանի զբոսաշրջության և գործարար միջավայրի զարգացման համար, քանի որ ավելի լայն կապակցվածության շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ Եվրոպայից կայցելեն Հայաստան: Դուք գիտեք, որ ես Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծ սիրահար եմ: Ես Հայաստանը համարում եմ Եվրոպայի ամենագեղեցիկ անկյուններից մեկը, որը դեռևս բացահայտված չէ»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդգծեց, որ 2013 թ. մեկնարկած «Բաց երկնքի» քաղաքականության նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանը պետք է ստեղծի լիարժեք իրավապայմանագրային դաշտ գործընկեր պետությունների հետ: «Եվ այս համաձայնագիրը կարևորվում է մի շարք հանգամանքներով: Սրանով մենք, ըստ էության, ազատականացնում և կարգավորում ենք մեր կապերը միանգամից Եվրոպական Միության անդամ բոլոր պետությունների հետ: Մենք պարտավորվում ենք Հայաստանում ներդնել Եվրոպայում հաջողությամբ կիրառվող չափանիշները, ինչն ավելի կանխատեսելի իրավական դաշտ կստեղծի: Դա էլ իր հերթին ավիաընկերություններին երկարաժամկետ ծրագրեր կազմելու նախապայմաններ կստեղծի: Ես հույս ունեմ, որ այս համաձայնագրի ստորագրումը չի ուշանա»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը:  

ԵՄ բանակցային խմբի ղեկավար, Եվրոպական հանձնաժողովի ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլն էլ նշեց, որ շատ ուրախ են Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի համար: «Արդեն բավական երկար ժամանակ այս գործընթացը նախապատրաստվում էր: Եվրոպական հանձնաժողովը մանդատ է տվել, որպեսզի Հայաստանի հետ սկսենք այս համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները: Մենք նման համաձայնագրեր ունենք մի շարք գործընկեր պետությունների հետ: Մենք այս ամենից զգալի օգուտներ ենք նկատում, մեծանում է կապակցվածությունը, որը շատ կարևոր է Եվրոպայի համար: Սա կարևոր է նաև մեր գործընկեր երկրների համար, քանի որ ավելանում են շուկաները, թռիչքուղիները, դաշտում գործող անձինք, և մենք տեսնում ենք, որ նշանակալիորեն աճում է փոխադրումների ծավալը, տեսնում ենք, որ նոր դեմքեր են մուտք գործում շուկա և ստեղծում են լուրջ մրցակցություն: Մենք նկատում ենք, որ այս գործընթացի արդյունքում սպառողների համար ավելի են իջնում ավիատոմսերի գները»,- ասաց Գեյլը:

Նա վստահություն հայտնեց, որ  համաձայնագիրը շահեկան կլինի թե Հայաստանի, թե Եվրոպական Միության համար: «Շուկան բացելուց և սահմանափակումները վերացնելուց զատ, այն նաև Հայաստանը կներգրավի եվրոպական կարգավորման ընտանիքի մեջ: Մենք կձևավորենք միասնական կանոններ ավիացիոն ընդհանուր գոտու համար: Մենք լիահույս ենք, որ հնարավորինս արագ կկարողանանք վերջնական տեսքի բերել համաձայնագիրը: Սա մեր հստակ հանձնառությունն է: Մենք անհամբերությամբ սպասում էինք բանակցությունների մեկնարկին և շատ ուրախ ենք, որ այսօր ազդարարում ենք դրանց մեկնարկը»,- եզրափակեց Կլաուս Գեյլը:

Նախատեսվող համաձայնագրով Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան` ավիաընկերություններին հնարավորություն ընձեռելով առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորություններից: Հայաստանում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտները, և հայկական ու օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել օդային երթուղիները: Եվրոպական Միության տրանսպորտի նախարարների խորհրդի կողմից 2016 թ. դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովին տրվել է ՀՀ-ի հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am