Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ արդյունավետորեն համագործակցում է խաղաղապահության ոլորտում. ՆԱՏՕ-ի պաշտոնյա

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ արդյունավետորեն համագործակցում է խաղաղապահության 
ոլորտում. ՆԱՏՕ-ի պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ արդյունավետորեն համագործակցում է Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և խաղաղապահ առաքելությունների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման դիտարկմամբ հանդես եկավ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Անջեյ Կլիմչիկը, ով Ծաղկաձորում մասնակցում էր «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» սեմինարին, որն անցկացվում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ:

«Համագործակցության այս ուղղությունները նախատեսված են ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ): Մեր հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի ստանդարտների ու դրական փորձի փոխանցումը գործընկեր երկրներին»,- նշեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան: Կլիմչիկը շեշտեց, որ ՆԱՏՕ-ի համագործակցությունը գործընկեր երկրների հետ պայմանավորված է հենց այդ երկրների ցանկություններից: «Հայաստանի հետ շատ ավելի լայն համագործակցություն ունենք խաղաղապահության ոլորտում. հայ խաղաղապահները ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում Աֆղանստանում ու Կոսովոյում են»,- ընդգծեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Նա շեշտեց նաև, որ օրինակ Ադրբեջանը հետաքրքրված չէ խաղաղապահությամբ, այլ հետաքրքրված է հրամանատարաշտաբային մակարդակում որոշումների կայացման ստանդարտներով: «Մենք բոլոր ցանկացող երկրներին հնարավորություն ենք տալիս համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանն ինքնիշխան երկիր է և ինքն է որոշում, թե որքանով պետք է համագործակցի ՆԱՏՕ-ի կամ որևէ այլ կառույցի հետ»,- ամփոփեց Անջեյ Կլիմչիկը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am