Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել արտադրությունների ընդլայնմանը միտված կոմերցիոն վարկերը

Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել արտադրությունների ընդլայնմանը 
միտված կոմերցիոն վարկերը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, արտադրությունների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ այն միտված է ոչ միայն արտահանմանը, այլ նաև ունի զարգացման ու համեմատաբար արագ աշխատատեղեր ստեղծելու մեծ պոտենցիալ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է ոլորտի առաջընթացը խթանելու նպատակով շարունակել ակտիվ համագործակցությունն ու նպաստել նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: «Կառավարությունը պատրաստ է խրախուսել տեղական արտադրողին և սուբսիդավորել այն կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսը, որոնք միտված են արտադրությունների ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:    

Այդ համատեքստում, ձեռնարկությունների ներկայացուցիչները ներկայացրել են գործունեությունն ընդլայնելուն ուղղված կոնկրետ ներդրումային նախաձեռնություններ, որոնց արդյունքում հանրապետությունում նախատեսվում է ստեղծել մի քանի հազար նոր աշխատատեղ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ կարճ ժամանակում առարկայական քննարկել բոլոր նախաձեռնությունները և շարժվել առաջ: Անդրադառնալով հարկային ու մաքսային վարչարարության հետ կապված հարցերին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր խնդիրն է բիզնեսի համար  ապահովել հավասար մրցակցային դաշտ: Այսօր չկա մեկը, որը գտնվում է արտոնյալ պայմաններում»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԱԱՀ-ի վերադարձի ժամանակահատվածին, ընկերությունների կողմից ներմուծվող հումքի մաքսազերծման պայմաններին, ոլորտի մասնագետների ուսուցմանը, վերապատրաստմանը և այլ հարցերի:

Վարչապետը հանձնարարել է ներկայցված հարցերը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկելուց հետո առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am