Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թովմասարի սարահարթի ցանքատարածքները բուժման խնդիր ունեն

 Թովմասարի սարահարթի ցանքատարածքները բուժման խնդիր ունեն

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակարի գետի ձախակողմյան Թովմասարի սարահարթում անցած աշնանը և այս տարվա գարնանը մոտ 8000հա ցանքս է կատարվել՝ գարի, ցորեն, հաճար: Այստեղ գարունն արդեն ամբողջությամբ տեր է սար ու դաշտին, և հազարավոր հեկտար տարածք պատված է կանաչով: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ Իշխանաձոր գյուղից բարձրանում ենք Թովմասար: Մոտ մեկ ամիս առաջ դարձյալ այստեղ էինք: Լ. Սիմոնյանն այն ժամանակ ոգևորված էր, որ աշնանը 17000 հեկտարից ավելի գարի ու ցորեն է ցանվել շրջանում, և այդ աշխատանքները գարնանը շարունակվում էին: Նույն ժամանակ սկսվել էր նաև այլ մշակաբույսերի ցանքսը, այգիների մշակումը, ծառատունկ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց՝ կա նպատակ հացահատիկի ցանքսը հասցնել մոտ 20000 հեկտարի: Ներկայումս սարահարթում որոշ ցանքատարածքներ ցրտահարվել են, սակայն առավել մտահոգիչը գնայուկ բզեզի բազմացումն է. մոտ 100հա արդեն վարակվել էր: Լ. Սիմոնյանը կարևորեց վնասատուի դեմ անհետաձգելի պայքարը, այլապես հետագայում ավելի դժվար կլինի: Մտահոգ էր շրջանի գլխավոր գյուղատնտեսը. վարակված տարածքներն ավելացել ու ավելանում են: Մեր այցի պահին տարածքի գյուղատնտեսներ Արտակ Մելքոնյանն ու Սամվել Մելիքյանը մեխանիզատորների հետ զբաղված էին ցանքատարածքների սրսկման աշխատանքներով: Արտում ցորենը լավ աճ է տվել, բայց, ցավոք, վարակված է: Միակ պայքարն այս վնասատուի դեմ համապատասխան թունաքիմիկատ սրսկելն է, որը թանկ արժե. 1 հեկտար ախտահանելու համար հարկավոր է մոտ 15 000 դրամի նյութ: 

Արտեզրի որոշ կանաչ ծիլեր դեղնին էին տալիս. նշանակում է՝ տակը բզեզ կա: Կանաչ ծիլերի հարևանությամբ երևացող փոքր անցքերը նույնպես այդ էին հուշում՝վնասատուների բներն են, որտեղից՝ հիմնականում գիշերը, դուրս են գալիս և կրծում ցորենի ու գարու կանաչ ցողունը: Գյուղատնտեսները քանդում են որոշ հատված և հողի տակից մոտ 10 որդ հանում: Նշված տարածքում 5 որդի առկայությունը նշանակում է գերվարակվածություն, բացատրում է գյուղատնտես Արտակը: Մեխանիզատորները շարունակում են աշխատանքը՝ հույսով, որ գոնե այս հատվածը կմաքրվի վնասատուներից: Լ. Սիմոնյանի հետ շրջում ենք սարահարթում.իսկապես, տխուր է վիճակը: Որոշ ցանքատարածքներ գրեթե անապատացել են. գնայուկ բզեզն իր սև գործն է արել ու շարունակում է վնասել նոր տարածքներ: Անցած տարի, չնայած պատերազմական իրադարձություններին, Քաշաթաղի շրջանում գրանցվեց հացահատիկի բարձր բերքատվություն. ուրախացանք, ոգևորվեցին հողօգտագործողները:

Այլ պատկեր կգրանցվի այս տարի, եթե համապատասխան աշխատանքներ չիրականացվեն: Հապաղելու դեպքում վնասատուները կարող է նաև վարակեն շրջանի Որոտանի ավազանի, Կովսականի սարահարթի և Հակարիի աջակողմյան անջրդի ցանքատարածքները:

Զոհրաբ Ըռքոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]