Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 10.04.2017

Սպասվող լրահոս. 10.04.2017

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

«Արի տուն» ծրագիրը կրկին իր դռներն է բացում սփյուռաքահայ երիտասարդների համար: Այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա 2017թ. Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս փուլով Հայաստան կայցելեն 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ Արաբեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:

Սիրիայի տարածքում ԱՄՆ իրականացրած հրթիռային հարձակումը միջազգային մամուլի առաջին էջերում է: Այն ոչ պակաս քննարկվում է նաև հայ փորձագետների շրջանում: Արաբագետ Հայկ Քոչարյանն իր դիտարկումները կներկայացնի կատարվածի, դրա հնարավոր հետևանքների մասին: Նա կանդրադառնա նաև միջազգային հանրության արձագանքին:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Անահիտ Բախշյանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է «Ելք» դաշինքի ցուցակով: Լրագրողների հետ հանդիպմանը Անահիտ Բախշյանը կներկայացնի մանրամասներ իր մասնակցության վերաբերյալ:

Հայաստանում այս տարի փառատոնների պակաս չի զգացվի: Թե Երևանում, թե մարզերում կանցկացվեն բազմաթիվ փառատոններ՝ ուղղված զբոսաշրջության զարգացմանը, համայնքների կարողությունների հզորացամանը: «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը, «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը, «Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը կհաղորդեն մանրամասներ այս տարի կայանալիք փառատոնների մասին:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում ապրիլին մեկնարկում է Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի «Մանկապատանեկան համերգների» շարքը: Այսօր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոցում կկայանա դասական համերգ: Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաների կատարմամբ կհնչեն անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում էլ կանցկացվի «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի ու հայտնի օպերային եւ էստրադային մեներգիչների կատարմամբ կհնչեն մաեստրո Ամիրխանյանի հայրենասիրական ստեղծագործությունները, այդ թվում՝ հատուկ քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված «Վրեժն արդար կանչի» երգը:

«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված սև ու սպիտակ լուսանկարները արվել են Վրաստանում, վերջին 40 տարիների ընթացքում: Հեղինակը ներկայացվող նկարներում ցույց է տալիս այն իրականությունը, որն իրեն հուզում է, այն մարդկանց դիմանկարները, ովքեր հանդիպել են իր կյանքի ճանապարհին: Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 17-ը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am