Քաղաքականություն

Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը. /ԼՐԱՑՎԱԾ/

4 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը. /ԼՐԱՑՎԱԾ/

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։

Նախարար Նալբանդյանը ողջունեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնեց, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի և Եվրոպական միության և նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում և հավելեց, որ այն կարտացոլի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ փաստաթուղթը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս Է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։

Հանդիպմանը հաջորդեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։

Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրեցին գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական միության անունից նախաստորագրեցին գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 27-ին Բրյուսելում հայտարարեցին ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին:

«Այս նոր համաձայնագիրը կընդլայնի մեր հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական և տնտեսական շահերը, որոնք մենք կիսում ենք և այն մարտահրավերները, որոնք մենք ցանկանում ենք միասին հաղթահարել: Մենք ակնկալում ենք ավելի սերտ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, առևտրի և ներդրումային նոր հնարավորությունների և ավելի ընդլայնված շարժունակության համար՝ ի շահ մեր քաղաքացիների»,-ընդգծեց է Տուսկը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում