Սյուզան Շնուերին գերազանց է գնահատել դասընթացների մասնակից հայ գրադարանավարների աշխատանքը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ 2016 թվականի հոկտեմբերի 17-28-ը Երևանում անցկացրել է գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների արդյունքների մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի ղեկավար Սյուզան Շնուերին:
«Հայաստանում բավականին դժվար էր իրականացնել ծրագիրը, քանի որ ի տարբերություն մյուս երկրների, որտեղ կային համապատասխան նյութին տիրապետող մասնագետներ, ովքեր անցկացնում էին դասընթացները, Հայաստանում մասնակիցները ձեռնարկների օգնությամբ են յուրացրել ողջ նյութը, և ես շատ բարձր եմ գնահատում նրանց աշխատանքը»,-«Արմենպրես»-հաղորդմամբ` նշեց Շնուերին:
Նա ընդգծեց, որ դասընթացները շարունակական բնույթ չեն ունենալու, քանի որ ողջ նյութն արդեն տրամադրված է և ցանկության դեպքում գրադարանավարները կարող են վերհիշել այն և կատարելագործել գրադարան այցելողների հետ շփման հմտությունները:
Ծրագիրն իրականացվել է Նամիբիայում, Նեպալում, Հնդկաստանում և այլ երկրներում:
«Նախագծի համար մեզ գումարներ է տրամադրում Բիլ Գեյթսը, որպեսզի մենք ամբողջ աշխարհում գրադարանավարներին նորարարություններ, ընթերցասերների հետ ճիշտ հաղորդակցվելու, նրանց ցանկությունները, պահանջները հասկանալու հմտություններ և կարողություններ փոխանցենք»,-շեշտեց կենտրոնի ղեկավարը:
Նրա խոսքով`այդ նորարարությունները էլեկտրոնային գրադարաններ են և մեդիա հարթակներ:
«Այսինքն կարելի է բաժանորդագրվել և վերցնել ցանկացած գրքերը, դրանք ընթերցել տանից: Ժամանակակից գրադարանները կարող են նաև հնարավորութուններ ստեղծել սկայպի միջոցով հաղորդակցվելու համար, իհարկե տանից նույնպես հնարավոր է դա անել, բայց գրադարանային մթնոլորտն այլ է. դա ընթերցանությանը մոտեցնլու ձև է: Կան վիճակագրական տվյալներ, որոնք համաձայն` այդ տեխնոլոգիաները կիրառելուց հետո ընթերցողների քանակը մեծացել է»,-ասաց նա:
Սյուզան Շնուերին նշեց, որ իրենք չենք մերժում տպագիր գիրքը, պարզապես խրախուսում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գրադարաններում: «Ինքս աշխատանքի բերումով շատ եմ ճանապարհորդում և չեմ կարող ինձ հետ շատ գրքեր վերցնել, փոխարենը կարող եմ տարբեր կրիչների միջոցով ընթերցել ինձ հետաքրքրող գրքերը»,-շեշտեց ղեկավարը:
Դասընթացներին մասնակցել են Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավարներ՝ 60-ը ՀՀ մարզերից ու համայնքներից, 40-ը՝ Երևանի համայնքային գրադարաններից: Դասընթացները անցկացվել են «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով, 4 փուլով՝ յուրաքանչյուրը երկօրյա հագեցած ծրագրով: Դասերը վարել են մասնագետներ Հայաստանից՝ համապատասխան ուղեցույցներով: Դասընթացներին ներկա են եղել ԱՄՆ Մորթենսոն կենտրոնի երեք փորձագետ՝ ծրագրի ընթացքը և արդյունավետությունը գնահատելու համար: Ավարտին գրադարանավարներին տրվել են վկայականներ և թիմային հավաստագրեր:
Ծրագրի նպատակը հանրային գրադարանների կառավարման նոր հմտություններ և գիտելիքներ փոխանցել գրադարանավարներին, նրանց մատուցել նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի առանձնահատկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում գրադարանային գործի զարգացման:
Ծրագրի արդյունավետությունը ապահովելու նպատակով, վարպետության դասերին մասնակից գրադարանավարները դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու նորարարական հմտությունները կկիրառեն աշխատանքում և կփոխանցեն իրենց գործընկերներին: