1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զրույց Մարկ Արենի հետ

Զրույց Մարկ Արենի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար ժամանակ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի վարկանիշային աղյուսակում գտնվող «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գրքի հեղինակ Մարկ Արենի նոր «Վիլ-Էվրար» պիեսի հայերեն  թարգմանությունը առաջիկայում կհանձնվի հայ ընթերցողի դատին (թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան): Նոր և հին գրքերի, հեղինակի կյանքի ու գործունեության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Մարկ Արենի հետ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Մարգարյանը 

-1976 թվականին` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական  ինստիտուտում, ինչպես այն ժամանակ ընդունված էր ասել՝ Մերգելյան ինստիտուտում, զբաղված էի դիպլոմային աշխատանք գրելով: Այդ ժամանակ, շրջանցելով Միացյալ Նահանգների արգելքը, Խորհրդային Միությունը հնդիկներից IBM մակնիշի սուպեր համակարգիչ էր գնել: Ավարտելով ինստիտուտը`ես պետք է դառնայի այդպիսի մեքենաներ նախագծող: Երբ ԱՄՆ-ի կառավարությունն իմացավ, որ Խորհրդային Միությունը գնել է այդ մեքենան, աղմուկ բարձրացրեց` ասելով, թե Ռուսաստանը կարող է վերափոխել այն: Հանձնարարվեց ինչ-որ բան փոխել այդ մեքենայի մեջ, որպեսզի այն տարբերվի ամերիկյան տարբերակից:

Որոշումը գաղտնի էր, սակայն Մերգելյանի ծխասենյակներում այն քննարկվում էր: Իմանալով այդ գաղտնիքը՝ ես երազում էի մի գյուտ մոգոնել և տրորել յանկիների քիթը:

Սկսեցի այդ մտքով ապրել: Խփում էի գլխիս ու ասում. «Մտածի՛ր, և քեզ համար գլխարկ կգնեմ»: Իմ ղեկավար Չախոյանի հետ համատեղ, համակարգչի օպերատիվ հիշողության վերահսկման տարբերակ մշակեցինք, որն իր ցուցանիշներով գերազանցում էր ամերիկյանին:

Տարիներ անց այդ փաստն ընդունեցին նաև IBM մասնագետները:

Դասավանդելով Ճարտարագիտական համալսարանում՝ հրապուրվեցի բարդ համակարգերի հետազոտությամբ: Նման առավել ևս ոչ գծային համակարգերը միշտ կապված էին մեծաքանակ հավասարումների լուծման խնդրի հետ, ինչն էլ Բելմանին դրդեց այդ խոչընդոտն անվանել «Չափսերի անեծք»:

Այդ իսկ պատճառով գիտնականները ստիպված էին լինում անտեսել առաջին հայացքից ոչ կարևոր ենթահամակարգերն ու փոփոխականները: Անտեսվող տարրերից շատերն իսկապես կարելի էր չդիտարկել՝ դրանց չնչին ազդեցության պատճառով:

Սակայն իրենց ամբողջականությամբ դրանք կտրուկ ձևափոխում էին խնդրի բնույթը: Ինձ հաջողվեց վերացնել այդ անեծքն այնքանով, որ գիտական թեզի պաշտպանության օրը գիտխորհրդի նախագահը, ամփոփելով նիստն, ասաց, որ Բելմանի մեթոդը կշարունակվի կիրառվել որոշ համակարգերի ուսումնասիրության ժամանակ:

90-ականների սկզբին գերմանական համալսարաններից մեկում հրապուրվեցի Խորհրդային Միության համար անծանոթ և անսովոր հակաճգնաժամային ղեկավարման տեսությամբ: Վերադարձա և հասկացա, որ նոր մասնագիտությունս շուտով մեծ պահանջարկ կունենա:

Պատերազմից հետո մեկնեցի Մոսկվա և ստանձնեցի այնտեղի գործարաններից մեկի ղեկավարումը: Այդ ժամանակ ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ ժամանակի լավագույն տնտեսագետներից մեկի՝ Դմիտրի Լվովի հետ:

Ունենալով որոշ փորձ և սեփական մաշկի վրա զգալով մակրոէկոնոմիկական արգելքների ճնշող ուժը՝ խորացա տնտեսական տեսության մեջ`ձևավորելով իմ սեփական կարծիքը ազգային եկամտի վերաբաշխման հարցի շուրջ: Այդ ժամանակ էլ գրեցի «Общая теория постиндустриального государства» գիրքը:

Գիրքը դարձավ դոկտորական աշխատանք, իսկ ես` գիտությունների դոկտոր: Սակայն ինձ համար ավելի կարևոր էր այն փաստը, որ պոստինդուստրիալ հասարակության շեմին կանգնած մի շարք երկրներ պատրաստվում են կիրառել ազգային դիվիդենտի գաղափարը, որի մասին ես գրել էի իմ գրքում` ընդունելով, այսպես կոչված,  համընդհանուր բազային եկամտի օրենքը:

Երբ եկա Մոսկվա, այդ քաղաքում մտերիմներ ունեի, բայց մեծ շրջապատս մնաց Երևանում: Ենթադրելով, որ շատերն են նման կորուստ ունեցել՝ մտադրվեցի միավորել մեզ բոլորիս: Այդպես ստեղծվեց «Հայ բիզնես» ակումբը, որը միավորեց հայ ծագում ունեցող տասնյակ մոսկվացի գործարարների: Մի հետաքրքիր մեջբերում այդ առիթով: Տասը տարի անընդմեջ գլխավորելով ակումբը՝ իմ պարտականությունները փորձեցի մեկ ուրիշին փոխանցել, սակայն ապարդյուն: Հավանաբար, պատճառն այն էր, որ իմ նախագահությունը միայն պարտականություններ էր պահանջում և ոչ մի լրացուցիչ արտոնություն, իրավունք: Համոզված եմ, որ եթե երկրի նախագահն էլ միմիայն պարտականություններ կատարի, այդ հաստիքն էլ թափուր կմնա:

Գրող Մարկ Արենը

2000 թվականի սկզբին մեծ հիասթափություն ապրեցի: Ուզում էի կանգնեցնել երկրագունդը, որ իջնեմ, բայց լսող չկար: Ցանկանալով ստեղծել իմ աշխարհը, ուր կմեկուսանամ իրականությունից, սկսեցի գրել: Դա զարմանալի էր, քանի որ լեզվի հարցում տկար էի, երևի թե, մանկուց:

Հայոց լեզվի ուսուցչուհիս` Հասմիկ Լևոնովնան, միշտ ասում էր. «Կարե՛ն, զավակս, ես գիտեմ, որ դու քիմիա, մաթեմատիկա, ֆիզիկա լավ գիտես, բայց գրականությունը և լեզուն քեզ շրջանցել են»: Նա ընդգծեց, որ դա ասում է ամենայն պատասխանատվությամբ: «Եթե հանկարծ պարզվի, որ ես սխալ եմ, ապա խոստանում եմ համտեսել գլխարկս թե այս, թե այն աշխարհում»: Բայց ես, ահա, գրում եմ, և գրքերս, կարծես թե, ընթերցվում են…

Կան տարբեր գրական ոճեր՝ կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ, սիմվոլիզմ, ակմեիզմ… Իմ ոճն ավանտյուրիզմն է:

 Անպայման պետք է նախապես մտովի տեսնեմ, պատկերացնեմ այն, ինչ գրում եմ: Երբեք ոչինչ չեմ թելադրում իմ հերոսներին, նրանց համար ինչ-որ միջավայր եմ ստեղծում, և նրանք իրենց կյանքով են ապրում, իսկ ես ընդամենը հետևում եմ նրանց գործողություններին, գրի առնում նրանց խոսքերն ու արարքները…

Առաջին վեպս վերնագրեցի «Ռեքվիեմ Հուդայի համար»: Գիրքը կարելի է հավանել կամ ոչ: Ոմանք այն կփակեն առանց կարդալու, ոմանց կկլանի ներքին բողոքը, արդարություն փնտրելու ցանկությունը… Անգամ ես այն չեմ վերընթերցել՝ չնայած ոմանց կարծիքով ինձ հաջողվել է վեպում վերստեղծել ցնցող ռեալիստական իրականությունը: Իրադարձությունները և հերոսները վերակենդանանում են երևակայությանդ մեջ, և դու բոլոր իրադարձությունների ականատես ես քեզ զգում: Միայն մի բան գիտեմ` «Ռեքվիեմն…» ընթերցողն անհաղթահարելի ցանկություն կունենա վերընթերցել «Ավետարանը» և «Ղուրանը», որպեսզի ստանա իր մեջ ծագած հարցերի պատասխանները:

 «Ամանորյա հրեշտակ» գրքիս հիման վրա Մոսկվայում նկարահանվել է ֆիլմ, որում ընդգրկվել են հայտնի դերասաններ Գոշա Կուցենկոն, Իվան Օխլոբիստինը, գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Իրինա Խակամադան և այլոք:

Գիրքն այն մասին է, որ հին ժամանակներից սկսած Ամանորի նախօրեին երկնքից իջնում է ամանորյա հրեշտակը և պատահական մարդկանց հիացնում իր բարի, առեղծվածային կախարդությամբ: Սակայն մի օր նա ինքն է զարմանում, երբ իր կողքին հայտնված դրամատուրգը սիրո մասին է պատմում` ասելով, որ սիրելիս  դու  այնպիսի իրավիճակում ես գտնվում, որ քո մեջքին թևեր են աճում:

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գիրքս պատմում է թուրք մարդու ապրումների մասին, որը պարզում է, որ ինքն իրականում հայ է, և հերոսի առջև բացվում է անցյալի դուռը: Պարզվում է, որ դա այն դեպքն է, երբ հնարավոր չէ փոխել ոչ միայն անցյալը, այլև ապագան: Այս գործս բեմադրվել է Արտաշատի թատրոնում, պրեմիերան կկայանա մոտ ժամանակներս՝ թատրոնի շենքի վերանորոգումից հետո:

Վերջերս Մոսկվայում հանդիպեցի Հոլիվուդի հայտնի պրոդյուսերներից մեկին, ով առաջարկեց այս վեպիս հիման վրա ֆիլմ նկարահանել: Հնարավոր է, որ գլխավոր դերերից մեկում հանդես գա Ալ Պաչինոն: Կինոնկարի սցենարում շատ փոփոխություններ եմ մտցրել: Կարծում եմ` ֆիլմի ստեղծագործական խմբում պետք է ոչ մի հայ չլինի, որպեսզի անգամ թուրքը վստահությամբ դիտի այն, և ավելանա հանդիսատեսի վրա դրա ստեղծագործական ներգործության ուժը:

Ընկերս` Վալերի Սարյանն ինձ միտք հուշեց Կոմիտասին նվիրված ֆիլմի սցենար գրել, և ծնվեց «Վիլ-Էվրար» պատմությունը, որի հերոսներն են Կոմիտասը, շախմատիստներ Շպիլմախերը, Ալյոխինը, կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը, հոգեբույժ Էդմոնդ Ֆոսթերը:

Աշխատելով վերջինիս կերպարի վրա` անսպասելի բացահայտում արեցի, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պարզեցի, որ Ֆոսթերն այն մարդն է, ով առաջին համաշխարհային պատերազմի վերջին՝ 1918 թվականի հոկտեմբերին, աչքերից վիրավոր Հիտլերին բուժելու համար նրան բացառիկ անձ լինելու միտք էր ներշնչել: Հիտլերը, հավատալով իր բացառիկությանը, որոշում է նվաճել աշխարհը… Արդյունքում տեղի ունեցավ հոլոքոստը: Էդմոնդ Ֆոսթերը 1921 թվականին մահապատժից փրկեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանին՝ պնդելով,  որ սպանություն կատարելիս մեղադրյալի կամքն ազատ չէր:

Խորին հարգանքով լցված Արցախյան պատերազմի հերոսների հանդեպ` գրեցի  «Չորս ընկեր» վեպը, որտեղ ճակատագրի բերմամբ վաղեմի թշնամիները՝ հայ հետախուզական խմբի նախկին ռազմիկները և ադրբեջանական
ՕՄՕՆ-ի նախկին ջոկատայինները հանգամանքների բերմամբ համախոհներ են դառնում` միավորվելով ընդհանուր թշնամու՝ մոսկովյան բանդիտների դեմ:

Մարկ Արենը՝ հավատի մասին

 Ինձ համար հավատը գործիք է, որն ինձ օգնում է մարդ մնալ: Սակայն եթե դու մարդ չես, քեզ ոչ մի գործիք չի կարող օգնել: Ավաղ, այսօր մենք հեռու ենք հավատից, ինչպես 2000 տարի առաջ: Մարդիկ դեմքի տխուր արտահայտությամբ են եկեղեցի մտնում, որովհետև համոզված են, որ եկեղեցում միայն ողբալ է պետք:  Մի անգամ ականատես եղա, թե ինչպես էր ելույթի պատրաստվում եկեղեցական երգչախումբը: Կանայք մի քանի անգամ նույն երգը կատարեցին, սակայն երգչախմբի ղեկավարը, միևնույն է, դժգոհ էր: Երգչախմբի կանանցից մեկն ասաց նրան. «Ի՞նչն այնպես չենք անում»: «Հիշեցե՛ք, Քրիստոնեությունը ուրախ հավատ է, և պետք է ուրախությամբ երգել, ասես վաղը մեռնելու եք»,- ընդգծեց ղեկավարը:

Սակայն ի՞նչ պահանջենք հասարակ հավատացյալներից. ոմանք այսօր նույնքան հեռու են հավատից, որքան տոմսավաճառն է հեռու մշակույթից:  Եվ ճշմարիտ է, որ դրախտն ու դժոխքը հատուկ տեղեր չեն երկրի վրա կամ երկնքում, այլ՝ հոգու իրավիճակներ, և մենք ինքնուրույն ենք ընտրում, թե որն է հարմար մեզ համար:

Մարկ Արենն՝ ազգային գաղափարի մասին

Երբ Ռուբեն Վարդանյանն իր համախոհների հետ մշակեց Հայաստանի զարգացման զանազան հնարավոր տարբերակները, ես իմ ելույթում ասացի, որ մենք զարգացման միայն երկու ուղի ունենք: Առաջինն ազգային գաղափարախոսությամբ առաջ շարժվելն է, երկրորդը` ազգային գաղափարախոսություն չունենալը: Երբ մարդուն լքում է հոգին, նա վերածվում է դիակի և սկսում է  փտել: Երբ ազգը զրկվում է իր գաղափարախոսությունից, վերածվում է հասարակ բնակչության: Համոզված եմ, որ մեր ազգային գաղափարախոսությունը պետք է արդարության վրա հիմնվի: Ազգը վերացնելու միջոցներից է մեղավորներին չպատժելը և անմեղներին պատժելը:

«Ազատություն դուրս թռավ / Իմ մանկական բերանից». նալբանդյանական այս տողերից արտասվում էի դպրոցում՝ չիմանալով, որ կես դար անց ավելի հրատապ կլինի արդարության հարցը, քանի որ առանց դրա ազատությունը և անկախությունը կմնան տկար:

Մի անգամ ինչ-որ առիթով համացանցում օգտագործեցի վերոհիշյալ բառերը, և Ռուսաստանի ճանաչված գործիչներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ է արդարությունը: Ես պատասխանեցի, որ դա այն է, ինչին հավատացել եք մանուկ հասակում: Այն է, երբ ողորմում եք, երբ ձեր հանդեպ անարդարացի են վարվում և այն, ինչի մասին հաճախ մոռանում եք, երբ ինքներդ եք անարդարացի վարվում: Դա նման է օդի. երբ արդարություն կա, չես նկատում, երբ չկա՝ խեղդվում ես դրա բացակայությունից: Ոչ մի օրինաց երկիր չի բավարարի մեր սպասելիքները, եթե օրենքն արդար չէ: Այն պետք է լինի արդար, իսկ արդարությունն՝ օրինավոր: Գիտեք, թե ինչպես է կոչվում այն գիրքը, որում գրված են մեր նվիրական ցանկությունները՝ «Քրեական օրենսգիրք»: Արդարության բացակայության դեպքում այդ գիրքը ձևական բնույթ է կրում:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]