Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

ՀՀ-ում ռուսական ռազմաբազան լուրջ պատասխան է տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին. նախարար


ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը լուրջ պատասխան է տարածաշրջանում Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքներին: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական ջերմ հարաբերություններին և Հայաստանի վրա դրա ազդեցությանը: «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրվեց հայ-ռուսական համատեղ խմբավորումների ստեղծման մասին համաձայնագիր և Հայաստանում 102-րդ ռազմական բազան հանդիսանում է լուրջ պատասխան տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանին հաջողվի ունենալ կանխատեսելի ու հասկանալի Թուրքիա, դա կարող է բխել նաև Հայաստանի շահերից:

Նախարարը միաժամանակ նկատեց, որ հայ ժողովրդի շրջանում կա տխուր հիշողություն անցյալից, երբ սովետական իշխանությունները տարբեր պայմանագրեր են կնքել թուրքական կառավարության հետ: «Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է դիտարկենք, թե ինչպես են ռուս-թուրքական հարաբերություններն անդրադառնալու տարածաշրջանի վրա»,- եզրափակեց նախարարը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ