Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Նոր սկիզբ, արդար Հայաստան» ու «Մենք կարող ենք». Ինչ կարգախոսներով են քաղաքական ուժերը գնում ընտրությունների

 «Նոր սկիզբ, արդար Հայաստան» ու «Մենք կարող ենք». Ինչ կարգախոսներով են 
քաղաքական ուժերը գնում ընտրությունների

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը՝ կուսակցությունների դաշինքներ:

Փետրվարի 16-ին ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաև «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» ՀԱԿ-ՀԺԿ դաշինքները:

«Արմենպրես»-ը ներկայացնում է առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների  համամասնական ցուցակներում ընդգրկված անձանց թիվը և կարգախոսները, որոնցով մասնակցելու են ընտրություններին:

Իշխող «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 197 անձ: Ցուցակը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այնուհետև հաջորդաբար Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը, Գալուստ Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը և այլն: ՀՀԿ նախընտրական շտաբը կհամակարգի կուսակցության գործադիր մարմինը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:  ՀՀԿ-ի կարգախոսը դեռևս չի հրապարակվել: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության կարգախոսն արդեն որոշված է և անհրաժեշտ պահին այն կներկայացվի հանրությանը:  Այնուամենայնիվ, կուսակցությունը հայտարարել է, որ նախընտրական ծրագրում առաջնահերթությունը տրվելու է ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացմանը, տնտեսության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված է 170 անձ, որից 45-ն անկուսակցական են: Կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նախընտրական շտաբը կղեկավարի խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ՀՅԴ համամասնական ցուցակի տասնյակում են հաջորդաբար Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը, Արմենուհի Կյուրեղյանը,  Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Միքայել Մանուկյանը: ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: ՀՅԴ-ում առաջիկա ընտրությունները նոր սկիզբ են համարում արդար Հայաստան կառուցելու համար:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը առայժմ հրապարակել է միայն համամասնական ցուցակի առաջին 5 թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորում է Տաճատ Սարգսյանը, այնուհետև հաջորդաբար՝ Վազգեն Սաֆարյանը, Գագիկ Մանուկյանը, Մառա Շահինյանը, Համլետ Դանիելյանը: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 170 անձ: Կուսակցությունն առաջիկա ընտրություններում հանդես կգա  «Եթե հաղթի կուսակցությունը, կհաղթի ժողովուրդը. հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով:  

«Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 300 անձ, որոնցից 164-ն ընդգրկված են նաև կուսակցության ռեյտինգային ցուցակներում: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրապարակել է կուսակցության առաջին 7 թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այնուհետև հաջորդաբար՝ Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Էդգար Առաքելյանը, Մարինե Քոչարյանը, Արթուր Միսակյանը: «Հայկական վերածնունդ»-ն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Քվեարկիր հանուն վերածննդի» կարգախոսով:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 101 անձ: Համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, այնուհետև հաջորդաբար Հրանտ Բագրատյանը, ով նաև կուսակցության` վարչապետի թեկնածուն է, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Մասիս Այվազյանը, Անժելա Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը, Սոնա Մինասյանը, Նարեկ Այվազյանը, Գագիկ Բաղդասարյանը: Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Մենք կարող ենք» կարգախոսով:

«Ելք» դաշինքը, որի կազմում ներառված են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները համամասնական ցուցակում ընդգրկել է 120 անձի, որից 112-ը կառաջադրվեն նաև ռեյտինգային ցուցակներով: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկրորդը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, երրորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ցուցակի առաջին տասնյակում են նաև Մանե Թանդիլյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Հայկ Կոնջոլյանը,  Արայիկ Հարությունյանը: Դաշինքն ընտրություններին կմասնակցի «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով:

«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը, գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, այնուհետև հաջորդաբար Իշխան Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Արգամ Աբրահամյանը, Վարդևան Գևորգյանը: Դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 187 անձ, որոնցից շուրջ 140-ը կառաջադրվեն նաև ռեյտինգային ցուցակներով: Դաշինքում ներգրավված են «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ դաշինքը հանդես կգա «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսով:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 141 անձ, որից 131-ը կառաջադրվեն նաև տարածքային ցուցակներով: Դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, այնուհետև հաջորդաբար՝ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը,  Զոյա Թադևոսյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահագն Խաչատրյանը, Լիդա Մելիքյանը,  Դավիթ Մաթևոսյանը, Ստեփան Մինասյանը և այլն: Դաշինքն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Դաշինքում ընդգրկված են «Հայ ազգային կոնգրես» և «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունները:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ընդգրկված են «Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցությունները, նրանց է միացել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով նաև  դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարն է: Ցուցակում Սեյրան Օհանյանի հաջորդում են Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար  Վարդանյանը, Վահագն  Հովհաննիսյանը,  Անդրանիկ Թևանյանը, Ստեփան Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ  Սահակյանը, Րաֆֆի  Հովհաննիսյանը և այլն: Դաշինքի նախընտրական ցուցակում ներառված է 148 անձ: «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն  «Արմենպրես»-ին հայտնեց, որ դաշինքն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am