Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մաթևոսյանների ընտանիքը EUobserver-ին ներկայացրել է Սումգայիթյան ջարդերի դաժանությունները

 Մաթևոսյանների ընտանիքը EUobserver-ին ներկայացրել է Սումգայիթյան ջարդերի 
դաժանությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում բնակվող Մաթևոսյանների ընտանիքը EUobserver-ին ներկայացրել է 29 տարի առաջ Սումգայիթում հայերի դեմ իրականացված ջարդերի մանրամասները` ընդգծելով, որ ապրիլին Արցախում տեղի ունեցածը վկայությունն է նրա, որ իրադրությունը չի փոխվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կարեն Մաթևոսյանը պատմում է 1988 թվականի փետրվարին ականատեսը եղած դեպքերի մասին: «Ես տեսա մի մերկ աղջկա, ով վազում էր դաշտի միջով: Տղամարդիկ շրջապատեցին նրան և սկսեցին հարվածել: Նրանք շարունակում էին հարվածել անգամ այն ժամանակ, երբ նա մահացած էր: Ես դա իմ աչքերով եմ տեսել»,- պատմում է Մաթևոսյանը, ում հիշողության մեջ լինչի դատաստանի ենթարկվող աղջկա կերպարն ամենակենտրոնական պատկերներից է:

EUobserver-ը գրում է, որ Մաթևոսյանի կողմից «դժոխքի երեք օր» որակավորումը ստացած դեպքերը ցույց են տալիս պատճառը, թե ինչու է հայերի ու ադրբեջանցիների միջև այդքան բարդ դառնում հաշտեցումը: «Ես չեմ կարող ներել և մոռանալ, թե ինչ արեցին նրանք: Ադրբեջանցիները շարունակում են մնալ մարդասպաններ ու կենդանիներ»,- նշում է Մաթևոսյանը` սրբելով արցունքները:

Նա պատմում է, որ երկու օր առաջ ամեն բան նորմալ էր, նա սովորականի պես աշխատում էր իր ադրբեջանցի ընկերների հետ, սակայն փետրվարի 26-ին ամեն բան փոխվել է: Փողոցներում հայտնվել են «բանդիտների խմբեր», ովքեր բղավում էին. «Մահ հայերին»: Կարեն Մաթևոսյանը նշում է, որ խմբերում կային նաև հազիվ 15 տարեկան տղաներ, ովքեր բոլորը խմած էին կամ դեղամիջոցների ազդեցության տակ: «Նրանց պետք է, որ ցուցակներ տրված լինեին, քանի որ նրանք հստակ գիտեին, թե որտեղ ենք մենք (հայերը) բնակվում: Դա նախապես ծրագրված էր: Նրանք ծեծում էին մարդկանց փողոցներում: Նրանց ունեցվածքը նետում էին պատուհաններից, կրակի էին տալիս: Մենք տներում սպասում էինք մահվան: Չէինք կարող զանգել օգնության համար, քանի որ հեռախոսային գծերն անջատված էին:Ես ստիպված է փակ պահել որդուս բերանը` դադարեցնելու լացը, քանի որ վախենում էինք, որ նրա բարձրացրած աղմուկով մեզ կարող են գտնել»,- պատմում է Մաթևոսյանը:

Փետրվարի 29-ին ամբոխը մտել է իրենց շենք և հարձակվել երկրորդ ու երրորդ հարկերի բնակիչների վրա: Երբ ռուս զինվորները երևացել են փողոցներում, հարձակվողները փախուստի են դիմել: «Այդ օրը ինձ երկու րոպե էր բաժանում մահվանից»,- ասում է Մաթևոսյանը:

Ռուսական ուժերը թույլ են տվել վերցնել միայն անհրաժեշտ իրերը, և տարել են նրանց Սումգայիթից: Կարեն Մաթևոսյանը հստակ հիշում է ռուս սպայի դեմքն ու խոսքերը. «Որպես զինվոր` ինձ հանձնարարված է ասել ձեզ, որ իրադրությունը հանգիստ է և դուք կարող եք գնալ տուն, սակայն որպես մարդ, ասֆալտին տեսնելով այդ ամբողջ արյունը, պետք է ասեմ ձեզ, որ ես մեկ րոպե ավել չէի մնա այստեղ, քանի որ իրադրությունը կրկին կարող է վատանալ»:

 Մաթևոսյանը, ով 1990-ականներին ծառայում էր որպես զինվոր, հիշում է, թե ինչպես պատերազմի ժամանակ իր մարտական ընկերները գերի վերցրեցին 10 ադրբեջանցի զինվորի: «Նրանք զինվորներին բերեցին ինձ մոտ, քանի որ գիտեին, որ Սումգայիթից եմ: Ինձ ասացին, որ կարող եմ նրանց հետ անել ինչ ցանկանամ, սակայն երբ ես նայեցի նրանց, հասկացա, որ չեմ կարող որևէ բան անել»,- պատմում է Մաթևոսյանը` ընդգծելով, որ պատերազմը երբեք չի եղել ժողովուրդների միջև: «Խորհրդային ժամանակներում մենք եղել ենք ընկերներ: Ես չեմ կարծում, որ ադրբեջանցիները երբևէ ցանկացել են պատերազմ, և ես չեմ կարծում, որ նրանք ունեն Լեռնային Ղարաբաղի կարիքը: Ադրբեջան պետությունն է, որ ցանկանում է այս պատերազմը որոշ քաղաքական պատճառներից ելնելով»,- նշում է նա:

Մաթևոսյանը հայտնում է, որ համացանցում վերջերս գտել է իր դպրոցական ընկերներից մի քանիսին: «Նրանցից մեկը բնակվում է Բաքվում: Ես գտա նրան և մենք երկու օր խոսեցինք, իսկ հետո նա ասաց. «Կներես, ես չեմ կարող այլևս քեզ հետ կապի մեջ մնալ, քանի որ ինձ համար վտանգավոր է հայի հետ խոսելը»,- ասում է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am