Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Շուկայում կեղծ դեղեր են հայտնաբերվել

Շուկայում կեղծ դեղեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ առողջապահության նախարարությունը շուկայում կեղծ դեղեր է հայտնաբերել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող եւ չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ եւ Ցեֆտրիաքսոն-Աստերիա  1գր դեղերը: Պրեստանսը ճնշումը կարգավորող, իսկ Ցեֆտրիաքսոն-Աստերիան հակաբիոտիկ է:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հակոբ Թոփչյանը նշեց, որ կեղծ դեղերն արդեն իսկ փորձաքննության են ենթարկվում, հարցը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: «Կեղծ Պրեստանսը կարելի է տարբերել սերիայով, շտրիխ կոդով, փականով, եւ այլն: Դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0590516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նիշից»,-ասաց նա՝ հավելելով, որ առողջապահության նախարարի հրամանով նշված դեղերի շրջանառությունը Հանրապետությունում կանգնեցվել է, դրանք ետ կհավաքվեն եւ կոչնչացվեն օրենքի սահմաններում:

Ոլորտի պատասխանատուն հավելեց, որ դեղերը ներմուծվել են ոչ թե ուղիղ, այլ անուղղակի կամ զուգահեռ ներմուծման ճանապարհով: «Ցեֆտրիաքսոն-Աստերիան հայկական եւ բավական տարածված դեղ է: Հայաստանում առաջին անգամ է, որ հայկական դեղ է կեղծվում»,-ասաց Թոփչյանը:

ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանի խոսքով էլ`  համապատասխան մարմինը կպարզի, թե  դեղատները այդ դեղերը որտեղից են ձեռք բերել: «Քննությունը կպարզի մանրամասները»,-հավելեց նա:

Առողջապահության պատասխանատուները քաղաքացիներին հորդորում են ուշադիր լինել, իսկ  նշված կեղծ դեղերը հայտնաբերելու դեպքում ահազանգել Առողջապահության նախարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am