Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարեւոր է տարածաշրջանի կայունացման համար. Ֆրանսիայի դեսպան


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան- Ֆրանսուա Շարպանտիեն կարեւոր է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի զարգացման, տարածաշրջանի կայունացման համատեքստում: «Դա տարածաշրջանում մեր առաջնահերթություններից մեկն է: Երկար ժամանակ է՝ հայ-թուրքական երկխոսությունը անհնար է եղել, սակայն արդեն 2000-ական թվականներից իրավիճակը քիչ-քիչ փոխվել է թե՛ միջպետական, թե՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը Թուրքիայի, Հայաստանի  եւ Ֆրանսիայի հայկական  սփյուռքի դիտանկյունից» թեմայով կազմակերպված քննարկմանը ասաց դեսպանը:

Նրա խոսքով ՝ պետք չէ  դառնալ անցյալի պատանդը, փակվել անցյալում, որն անելու լավագույն միջոցը արտահայտվելն է: «Մենք արժեւորում ենք գաղափարների փոխանակումը. մենք ցանկացանք, որ այդ  երկխոսության շուրջ հավաքվեն  եւ խոսեն Ֆրանսիայում հայկական սփյուռքի, Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցիչները, որպեսզի բոլորը կարողանան իրենց տեսակետները փոխանակել այն հարցերի մասին, որոնք  միջազգային հարաբերությունների խաչմերուկում են: Հարաբերությունների կարգավորման համատեքստում նույնը կարող եմ ասել Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեպքում. մենք որոշեցինք լսել միմյանց, խոսել մեր վերքերի, պատմական ցավերի մասին, հակառակ դեպքում այսօր ԵՄ-ն գոյություն չէր ունենա»,-եզրափակեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» Արձանագրություններ:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. փետրվարի 16-ին նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ