Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Սպասվող լրահոս. 15.02.2017


ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս օրը ընտրվել է 2001 թ. Լյուքսեմբուրգում, Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների եւ հիմնադրամների միության նախաձեռնությամբ: Այսօր` փետրվարի 15-ին, Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, մանկական գլխավոր արյունաբան Անահիտ Զաքարյանը, Արյունաբանական կենտրոնի Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանը կներկայացնեն Հայաստանում հիվանդացության մասին տվյալներ, կանդրադառնան սպասվող նոր ծրագրերին և ոլորտում առկա խնդիրներին:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հանդես կգան մամուլի ասուլիսով: Նրանք կհրապարակեն ՀՅԴ համամասնական ցուցակը եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների ցանկը։

Երևանի պետական կամերային թատրոնում կանցկացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդ-2016» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Եզրափակիչ փուլում՝ թեկնածուների անունները, լուսանկարները և նրանց գործունեության մասին տեսանյութը ներկայացվելու է դահլիճի էկրանին, հանդիսատեսը տեղում ուղիղ քվեարկությամբ ընտրելու է 10 անվանակարգերում հաղթողներին:

Մտավորականների քննարկման կիզակետում Օպերայի ազգային թատրոնի տնօրենի մրցույթի գործընթացն է: Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, դիրիժոր Զավեն Վարդանյանը, բեմադրիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը կներկայացնեն իրենց դիտարկումները գործընթացի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, իր դիմումի համաձայն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Անդրանիկ Արզումանյանը։ Նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։

Փետրվարի 15-28-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյա հոբելյանին: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ:

Փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրվան ընդառաջ, ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Մանուկ Նիգոյանը կներկայացնեն այդ օրը սպասվող միջոցառումները, կանդրադառնան ոլորտում առկա խնդիրներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և 

 լսել  լրատվական ռադիոյի եթերումՀետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ