Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս 2022

Ինչպիսի՞ն պետք է լինի հայրենիք-սփյուռք փոխգործակցության նոր մոդելը

Ինչպիսի՞ն պետք է լինի հայրենիք-սփյուռք փոխգործակցության նոր մոդելը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիք-սփյուռք համագործակցության հնարավոր մոդելի մասին «Արմենպրես»-ը ներկայացնում է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հոդվածը:

 

Ինչպիսի՞ն պետք է լինի հայրենիք-սփյուռք փոխգործակցության նոր մոդելը

 

Վերջին շրջանում բավական մեծ հնչեղություն ստացավ սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում սփյուռքի ներկայացուցիչների ներգրավման հնարավորությունը՝ դիտորդական առաքելությունների շրջանակներում: Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունը բնավ նորություն չէ, և, բնականաբար, ողջունելի է: Ավելին՝ այդ ներկայացվածությունը պետք է չսահմանափակվի միայն ընտրական գործընթացներով:

Սփյուռքը իր խոսքը պետք է ունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ներքին և արտաքին քաղաքական կարևոր գործընթացներում, ինչպես Հայաստանը և Արցախը՝ համահայկական օրակարգի մշակման գործընթացում:

Թերևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը բարձրացրել են նոր մակարդակի՝ առավել արդյունավետ դարձնելով միասնական ներուժի իրացումը հանուն ազգային շահերի: Սակայն, չպետք է բավարարվել փոխգործակցության ներկայիս մակարդակով: Անհրաժեշտ է շարունակել համագործակցության առավել արդյունավետ մոդելի փնտրտուքը, ինչը մշտական գործընթաց է:  

Միևնույն ժամանակ պետք է հստակ ամրագրել, որ համագործակցության խորացումը կամ նոր ձևաչափը չի ենթադրում տարբեր հարցերի հետ կապված Հայաստանի, Սփյուռքի և Արցախի՝ նույնական դիրքորոշումը: Բնական է և ցանկալի, որ երեք կողմերն էլ ունենան սեփական մոտեցումները ՀՀ ազգային առաջնահերթությունների վերաբերյալ, որոնք կլինեն մյուս կողմերի համար ընկալելի ու հասկանալի, իսկ այդ տարբերություններն էլ կդառնան փոխլրացնող:

Հատկանշական է նաև, որ աշխարհաքաղաքական զարգացումները և տարածաշրջանային վերադասավորումները ստեղծում են նոր մարտահրավերներ, որոնք  պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ: Միևնույն ժամանակ, նշված մարտահրավերներին համապատասխան, պետք է վերանայել նաև համահայկական օրակարգը՝ առաջնային դիտարկելով Ղարաբաղյան հակամարտությունը, Արցախի ճանաչման և զարգացման գործընթացը:

Բարեբախտաբար, փոխգործակցության զարգացման գիտակցումը նկատվում է բոլոր կողմերում: Սփյուռքի տարբեր գործիչներ պարբերաբար հայտարարում են, որ սփյուռքը չպետք է լինի պասիվ դիտորդի կամ սոսկ հովանավորի դերում հայրենիքին առնչվող տարբեր հարցերի հետ կապված: Այդ մոտեցումը կիսում են նաև Հայաստանում: Այս մասին են վկայում նոյեմբերին ՀՀ նախագահի կողմից՝ իր հաշվետու ելույթում ամրագրված թեզերը. «Հայաստանում մշակվել և իրականացվել է այս կամ այն ոլորտի քաղաքականությունը, ընթացքում սփյուռքի մեր հայրենակիցները հրավիրվել են մասնակցելու կամ օժանդակելու։ Մենք փոխում ենք սլաքը, ասում ենք՝ այսուհետ մշակված ձևաչափերով միասին ենք աշխատելու, միասին ենք ամրագրելու նպատակադրումները, միասին ենք դեր ստանձնելու, միասին ենք իրականացնելու, և վերջում էլ միասին ենք ասելու ինչը ստացվեց և ինչը՝ ոչ»։ Երկու կողմերի այս ուղերձները թերևս վկայում են մի կարևոր բանի մասին՝ կողմերը արդեն հասունացել են փոխգործակցության նոր մոդելի անցման համար, ավելին՝ ունեն համապատասխան կամք:

Տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս պետք է ձևավորվի հայրենիք-սփյուռք փոխգործակցության նոր մոդելը: Գլխավոր պայմանը, թերևս ՀՀ կառավարության տարբեր ուղղություններով քաղաքականության մշակման գործընթացում սփյուռքի կառույցների, ներկայացուցչական մարմինների ներգրավումն է: Այդ ներգրավվածությունը ժամանակի ընթացքում պետք է իր արտահայտումը գտնի նաև ինստիտուցիոնալ առումով: Իր հերթին, Հայաստանը պետք է հնարավորինս աջակցի սփյուռքին առաջնահերթ խնդիրների լուծման գործում: Այս ուղղությամբ առաջին կարևոր քայլերից մեկն արդեն իրականություն է. 2015թ դեկտեմբերին ընդունված սահմանադրական բարեփոխումներով, նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, Սահմանադրության մակարդակով պետությունը ստանձնեց հայապահպանմանն ու հայրենադարձությանը նպաստելու պարտավորություն: Սահմանադրության 19-րդ հոդվածում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը»:

Ամփոփելով կարող ենք նշել, որ Հայաստանը և սփյուռքը փոխլրացնում են իրար, և այդ փոխլրացումը ստեղծում է հսկայական պոտենցիալ, որը երբեմն մեր հակառակորդների կողմից առավել ճիշտ է գնահատվում, քան մեր կողմից: Եկել է ժամանակը համազգային նոր քննարկումների՝ հայրենիք-սփյուռք գործուն մեխանիզմների մշակման համար, որն էլ պետք է դառնա Հայաստանի և հայկականի զարգացման բանալին: 

Նարեկ Մինասյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]