Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

90 հազար այցելու մեկ տարում. Մատենադարան այցելած զբոսաշրջիկների աշխարհագրությունն ընդլայնվում է


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական Մատենադարան ինստիտուտ 2016 թվականին այցելել է 89 հազար մարդ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, այցելուների այս ցուցանիշը 3 հազարով գերազանցել է 2015 թվականի տվյալները: Այցելուներն ամենատարբեր երկրներից են, աշխարհագրությունն ամեն տարի ընդլայնվում է: Հայաստան եկած բազմաթիվ զբոսաշրջիկներ անպայման ձգտում են լինել Մատենադարանում, ծանոթանալ այնտեղ ցուցադրված ձեռագրային գանձերին: Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ մեծ թվով այցելուներ են գալիս Իսպանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, այցելուներ կան նաև Իրանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Բալկանյան երկրներից, Գերմանիայից, Չինաստանից և այլն:

«Ընդգծեմ, որ տարեցտարի Մատենադարան այցելությունների թիվն ավելանում է: Զբոսաշրջիկները գալիս ես, թե զբոսաշրջային կազմակերպությունների նախաձեռնությամբ, թե առանձին»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

 Մատենադարանում աշխատում են զբոսավարներ, որոնք մասնագիտացված են 6-7 օտար լեզվի գծով: Այժմ նախատեսվում է իրականացնել մի ծրագիր, որ այլ լեզուների տիրապետող գիտնականները ևս ժամանակ առ ժամանակ աշխատեն զբոսաշրջիկների հետ:

«Մենք այդ ծրագիրն ինչ-որ չափով իրականացրել ենք: Երբ Իրանի փոխնախագահն էր եկել, մեր աշխատակցուհին, ով տիրապետում է պարսկերենին, հենց այդ լեզվով էլ բացատրեց: Ներկայում այդ ծրագիրը ցանկանում ենք ավելի կազմակերպված հիմքերի վրա դնել: Այն գիտաշխատողները, ովքեր տիրապետում են, ասենք, լեհերենին հունգարերենին, կարող են այդ երկրներից եկած խմբերի հետ աշխատել հենց իրենց լեզվով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Մատենադարանը ծրագրում է հատել այցելուների՝ խորհրդանշական 100 հազար ցուցանիշը:

Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ Մատենադարանն ակտիվ աշխատանք է իրականացնում ցուցադրությունների կազմակերպման ուղղությամբ: Այդ տեսանկյունից նոր մասնաշենքի առկայությունը լայն հնարավորություններ է տալիս: Նախկին 1-2 ցուցասրահի փոխարեն այժմ կա 10-ից  ավելի ցուցասրահ:

«Բազմաթիվ նոր ցուցադրություններ եղան վերջին մի քանի տարիներին, օրինակ Նոր ջուղայի ձեռագրերին, արաբատառ ձեռագրերին, պարսկական ձեռագրերին նվիրված ցուցադրություններ: Մեծ ցուցադրություն ունենցանք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի ևս նոր ցուցադրություններ ենք նախատեսում, մասնավորապես, Ղրիմի հայկական մանրանկարչությանը նվիրած: Դրանից բացի, նախատեսել ենք հայ-լեհական ցուցադրություն: Այս տարի լրանում է այն հայտնի հրամանագրի 650-ամյակը, որը ստորագրել է Լեհաստանի թագավոր Կազիմիրը: Այդ հրամանագիրը, կարծես, Լեհաստանում հայ համայնքի ծննդյան վկայականը լիներ: Ահա կլինի այդ իրադարձությանը նվիրված ցուցադրություն, գրքի հրատարակություն»,-ասաց Վահան Տեր Ղևոնդյանը: Նա նկատեց, որ ժամանակին Լվովը մտնում էր Լեհաստանի կազմի մեջ, և այդ ընթացքում  Լվովը հայկական տպագրության հնատիպ կենտրոններից մեկն էր: Հայ-լեհական ցուցահանդեսին ներկայացվելու են ձեռագրեր, հնատիպ գրքրեր՝ կապված այդ ժամանաաշրջանի հետ:

Ընթացիկ տարում նախատեսված է նաև ցուցադրություն՝ նվիրված Լազարյաններին: Ներկայացվելու են արժեքավոր նյութեր՝ կապված Լազարյանների ժառանգության հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ