Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Երևանյան բեսթսելեր 4/46. Վարկանիշային ցանկում նոր գիրք է ընդգրկվել


ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Ավագ Եփրեմյանի «Երգչախումբը ցրվել է» գիրքը: Այն բանաստեղծի 6-րդ ժողովածուն է: Գործընկերների կարծիքով, ժողովածուն առօրյա ու պոետիկ քաոսի բանաստեղծական արձանագրումն ու ընդդիմությունն է այդ նույն քաոսին:

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երկրորդն է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն երրորդն է այս շաբաթ: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:

Չորրորդ հորիզոնականում կրկին Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  ստեղծագործությունն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Նախորդ շաբաթվա առաջատարը՝ Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը, զիջել է իր դիրքերը և հինգերորդն է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Վեցերորդ տեղում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի, թերեւս, ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

Ամենավաճառվածների ցանկը չի լքել «Կեցության անտանելի թեթևություն» ստեղծագործությունը, որը յոթերորդ տեղում է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Այն սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրացման դժվարությանը:

Կրկին մեզ հետ է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը, որն ութերորդ հորիզոնականում է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» իններորդ հորիզոնականում է: Այն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: 

Իր դիրքերը զիջել է բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս» վեպը: Այն եզրափակում է ամենավաճառվածների ցանկը: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

 


Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Ավագ Եփրեմյան

«Երգչախումբը ցրվել է»

Անտարես 34
2 +1

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 32
3 -1

էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 28
4 +4

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 16
5 -4

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 12
6 +1

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր» 

Բուկինիստ 11
7 +2

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը» 

Անտարես 11
8 *

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերանոցով տղան» 

DirectMEDIA 10
9 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 10
10 -5

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Բուկինիստ 8

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց

Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ