Հասարակական

Փանիկում բացվեց «Փառքի անկյուն» ու Արցախում զոհված Սիմոն Ճավռշյանին նվիրված հուշատախտակ

3 րոպեի ընթերցում

Փանիկում բացվեց «Փառքի անկյուն» ու Արցախում զոհված Սիմոն Ճավռշյանին նվիրված հուշատախտակ

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Շիրակի մարզի Փանիկ համայնքի միջնակարգ դպրոցում հունվարի 27-ին բացվեց «Փառքի անկյուն» ու Արցախում զոհված Սիմոն Ճավռշյանին նվիրված հուշատախտակ:

18 տարին լրանալուն պես Սիմոնը մեկնում է պարտադիր ժամկետային ծառայության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սիմոնի հայրը՝ Ռաֆիկ Ճավռշյանը, նույնիսկ միջնակարգ դպրոցի ատեստատը չէր հասցրել ստանալ: Ծառայության Սիմոնն անցավ Արցախի հարավային սահմանին՝ Հադրութում, մինչդեռ ավագ եղբայրն, ով ավելի շուտ էր մեկնել ծառայության, Տավուշում էր: Այդպես էլ եղբայրները չհանդիպեցին: 18 ամյա Սիմոնը զոհվեց փետրվարի 5-ին: Հրաձգային ջոկատի նռնակաձիգը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքն անձնազոհաբար կատարելու համար հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ նախագահների «Մարտական ծառայության» մեդալով:

«Շատ դժվար էր երկու որդիներիս միաժամանակ բանակ ուղարկել, բայց գիտակցումով ուղարկեցինք՝ հայրենիքի սահմանները պաշտպանել էր պետք: Ճիշտ է, այսօր ոչինչ չի փարատի մեր վիշտը, բայց միակ սփոփանքն այն է , որ որդիս հանուն հայրենիքի զոհվեց, այնպես ինչպես իր պապը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիմոնի մայրը՝ Կարինե Ճավռշյանը՝ փաստելով, որ Սիմոնին անվանակոչել են իր հոր պապի անունով, ով զոհվել է Մեծ Հայրենականի ժամանակ, ավելի ուշ, հայրը որդուն Սիմոնի փոխարեն Անդո է ասել՝ 1991 թվականին Արցախում զոհված հորեղբոր տղայի անունով: Այդպես էլ Սիմոնին հարազատները Անդո են կանչել:

Դպրոցում, որտեղ սովորել էր Սիմոնն, այսօր բոլորն արդեն գիտեն ու փառքով են խոսում նրա մասին: Հայրենասեր որդի մեծացնելու համար խոնարհումի խոսքեր հղեցին համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգորը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Փանիկ համայնքնի ղեկավար Վարդան Մաքեյանը, Սիմոնի դասղեկ Ժենյա Սևյանն ու ազատամարտիկները: «Տխուր է, որ այսօր Սիմոնն այստեղ չէ, բայց պետք է նաև գիտակցենք՝ հանուն ինչի է զոհվել այս պատանին. հանուն հայրենիքի ու կայացած բանակի, բանակ, որ ստեղծվել ու ամրացել է Սիմոնի նման տղաների շնորհիվ»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը՝ շնորհավորելով բոլորին հայոց հաղթական բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում