Խոսրով Հարությունյանը բացառում է ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին միայնակ և առանձին ցուցակով չի մասնակցի: Հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կուսակցության նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Մենք շատ լավ գիտենք մեր կուսակցության հնարավորությունները և մեծ հավակնություններ չունենք: Ընտրական գործընթացներին ինքնուրույն չենք մասնակցի, իսկ թե ինչ ձևաչափով կլինի մեր մասնակցությունը, ցույց կտա ժամանակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հարությունյանը:
Հարցին` հնարավո՞ր է, որ ընտրություններին մասնակցի ՀՀԿ-ի ցուցակով, Խոսրով Հարությունյանն ասաց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ՀՀԿ-ն այս պահին զբաղված է ներքին հարցերով: «Այս պահի դրությամբ մենք ՀՀԿ-ից առաջարկ չունենք: Բայց կարող եմ ասել, որ ՀՀԿ-ի հետ մեր համագործակցությունն այս տարիների ընթացքում արդյունավետ է եղել: Վստահ եմ, որ նույն կարծիքը նաև նրանք ունեն: Եթե նրանք մեր համագործակցությունը շարունակելը նպատակահարմար կհամարեն, մենք պատրաստ ենք համագործակցել»,- ասաց պատգամավորը:
Միևնույն ժամանակ, նա վստահեցրեց, որ ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի հետ չեն համագործակցելու: «Եթե Հանրապետական կուսակցությունից մենք համագործակցության առաջարկ չստանանք, այլ քաղաքական ուժի ես չեմ հարելու»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում