Գավառի պետթատրոնի նորակառույց շենքը շահագործման կհանձնվի 2017 թվականի հունիսին
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետթատրոնի շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար այս տարի պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 100 միլիոն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Բազալտշին» ՍՊԸ տնօրեն Լյովա Մարտիրոսյանը, հատկացված միջոցներով հիմնովին կավարտվի շինարարությունը, եւ նորակառույց թատրոնի շենքն այս տարվա երկրորդ կեսին կբացի իր դռները հանդիսատեսի առջեւ: «Դրսի աշխատանքներն ավարտված են ամբողջությամբ, մնացել է կառուցել բեմը եւ դահլիճը՝ ակուստիկայով հանդերձ: Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են: Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում հասցնենք շենքը հանձնել շահագործման: Արդի չափորոշիչներին համապատասխան թատրոնի շենքը անգնահատելի նվեր կլինի Գավառի թատերասեր հասարակայնությանը»,-ասաց Լ. Մարտիրոսյանը:
Խոսրով Խլղաթյան