Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չկա որևէ հավանական զարգացում, որը կստիպի մեզ շեղվել մեր ընտրած ճանապարհից. Արցախի Նախագահ

Չկա որևէ հավանական զարգացում, որը կստիպի մեզ շեղվել մեր ընտրած ճանապարհից. 
Արցախի Նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 25-րդ տարեդարձի օրը՝ դեկտեմբերի 28-ին, Ազգային ժողովի բոլոր գումարումների մի խումբ պատգամավորներ ծաղկեպսակ են դրել խորհրդարանի ճեմասրահում զոհված պատգամավորների հիշատակը հավերժացնող հուշատախտակին և այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Ազգային ժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բոլոր գումարումների պատգամավորների հանդիսավոր ընդունելություն՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ պատգամավորները:

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ 1991 թվականին իշխանության բարձրագույն մարմնի՝ Գերագույն խորհրդի ստեղծումը, սեպտեմբերին՝ Հանրապետության հռչակման և դեկտեմբերին՝ ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի տրամաբանական շարունակությունն էր: Դրանով Արցախում սկիզբ դրվեց համապետական ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման մշակույթին:

«Գերագույն խորհուրդ, խորհրդարան, Ազգային ժողով, անկախ նրանից՝ ինչ անվանում է ունեցել, մեր պատգամավորներն իրականացրել են պատմական տվյալ ժամանակահատվածին բնորոշ ու պահանջվող օրինաստեղծ քաղաքական ու ներկայացուցչական աշխատանք: Այդ հավաքական ջանքերի շնորհիվ է, որ ունենք երկրի կենսագործունեությունն ապահովող կայացած օրենսդրական դաշտ, ինստիտուցիոնալացված  հարաբերություններ՝ այլ երկրների խորհրդարանների հետ»,- այս տարիների ձեռքբերումների մասին ընդգծել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով, քաղաքական ներկայացվածության ու բազմակարծության այն մակարդակը, որին հասել են խորհրդարանի գոյության տարիների ընթացքում, թույլ է տալիս վստահորեն հայտարարել, որ Արցախում ժողովրդավարության զարգացումն ընթանում է ճիշտ ուղիով:

Խորհրդարանական ընտրությունների 25 ամյակի կապակցությամբ պատգամավորներին շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ նման միջոցառումները ոչ միայն հարգանք են նշանակում անցյալի հանդեպ, այլև հնարավորություն են տալիս հստակեցնելու վերաբերմունքը ապագայի նկատմամբ: Արցախյան ազատագրական շարժումը որակելով հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություն՝ ԼՂՀ նախագահը նշել է , որ բոլոր գումարումների անկախ Արցախի պատգամավորներն էլ դրա համահեղինակներն են:

«Այս աշխարհում չկա որևէ հավանական զարգացում, որը կստիպի մեզ շեղվել մեր ընտրած ճանապարհից»,- նշել է Արցախի Հանրապետության նախագահը:

Այնուհետև շնորհավորել և իրենց գործունեության տարիների պատգամավորական աշխատանքի  մասին պատմել են Աժ տարբեր գումարումների պատգամավորներ Համլետ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը, Արփիկ Խասապետյանը, Ռամելա Դադայանը և Արմեն Սարգսյանը:

Օրը պատմական է գնահատել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ընդգծել, որ այն կարևոր է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի և համայն հայության համար:

«Չկա արցախյան խնդիր, կա Հայկական հարցի արցախյան դրսևորում և պատահական չէ, որ արցախահայության խնդիրը և արդարացի դատը ոչ միայն Արցախում ապրող մեր քույրերի և եղբայրների խնդիրն է՝ այլ ողջ հայության խնդիրն է:  Եւս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺ բոլոր միջազգային պատվիրակությունները արել և ամեն ինչ անելու են՝ մեր խնդրի հայանպաստ, արդարացի լուծման համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը:

Ամփոփելով հանդիսավոր միջոցառումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ  նման կազմով հանդիպումներ կլինեն նաև ապագայում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am