1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ՀՔԾ-ն ավարտել է Արտակ Գալստյանի («Վանոյի Արտակ») քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ՀՔԾ-ն ավարտել է Արտակ Գալստյանի («Վանոյի Արտակ») քրեական գործի 
նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արտակ Գալստյանը (հանրության շրջանում հայտնի է «Վանոյի Արտակ» մականունով) տեղեկանալով, որ իր մտերիմ՝ analitik.am կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանը 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է, որոշել է առիթն օգտագործել ուրիշի խոշոր չափի գումարը խաբեությամբ հափշտակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Այդ նպատակով Ա.Հովհաննիսյանի եղբայր Գոռ Հովհաննիսյանին ս.թ. մայիսի 4-ին և 5-ին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ, իբր, իրավասու պաշտոնատար անձին՝ Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու, հետագայում նաև նրան մեղսագրված արարքը վերաորակելու համար:

Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է կաշառք տալ, որի պատճառով Արտակ Գալստյանին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունները:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Բացի վերը նշված հանցագործության դեպքերից, կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արտակ Գալստյանը կատարել է նաև հանցավոր այլ արարքներ, որոնք նախկինում բացահայտված չեն եղել և վերջինիս հաջողվել է խուսափել քրեական պատասխանատվությունից: Հիմնավորվել է, որ Ա.Գալստյանը 2008 թվականի ընթացքում որպես արհեստ կատարել է վաշխառություն. մի շարք քաղաքացիների պարտք տված դրամի դիմաց նրանցից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տարեկան տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ, այսինքն՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ:

Մասնավորապես, Արտակ Գալստյանը Երևան քաղաքի բնակիչներ Գ.Ասատրյանին, Վ.Գրիգորյանին, Ա.Հակոբյանին, Ա.Գրիգորյանին, Ս.Արմենակյանին, Ա.Ղշյանին պարտք տված գումարների դիմաց որպես գումարի վերադարձման և տոկոսագումարների վճարման երաշխիք նրանց հետ կնքել է առուվաճառքի շինծու պայմանագրեր, որոնց հիման վրա հիշյալ քաղաքացիներին պատկանող բնակարանները գրանցվել են իր անունով:

Ա.Գալստյանը պարտքով տված գումարների դիմաց որպես տոկոսավճարներ հիշյալ քաղաքացիներից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տարեկան տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսագումարներ և միայն մայր գումարներն ու տոկոսագումարներն ամբողջությամբ ստանալուց հետո վերադարձրել է բնակարանները՝ դրանք շինծու պայմանագրերով վերավաճառելով իրական սեփականատերերին:

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ նույն եղանակով Ա.Գալստյանը պարտքով գումարներ է տվել նաև  Երևան քաղաքի բնակիչներ Հ.Պետրոսյանին և Հ.Մկրտչյանին, սակայն վերջիններս չեն կարողացել վճարել մայր գումարներն ու տոկոսավճարները: Այդ պատճառով Ա.Գալստյանն իր անվամբ գրանցված վերջիններիս բնակարանները վաճառել է այլ անձանց՝ ստացված գումարները պահել որպես պարտքի մարում, փաստացի զրկելով սեփականատերերին իրենց բնակարաններն ազատ տնօրինելու իրավունքից:

Քրեական գործով նախաքննության ընթացքում Արտակ Գալստյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ հայտնելով, որ չի առարկում վաշխառության 7 դրվագներով՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով չիրականացնելու դեմ:

Հաշվի առնելով, որ լրացել են քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որոշում է կայացվել վաշխառության դրվագներով Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույն քրեական գործով կատարված նախաքննությամբ բացահայտվել են նաև Արտակ Գալստյանին առնչություն ունեցող մի շարք անձանց կողմից վաշխառություն և խարդախություն կատարելու նոր դեպքեր, որոնց առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր և ուղարկվել ըստ քննչական ենթակայության:

Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք տալու նախապատրաստության և խոշոր չափի խարդախության փորձ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]