Քաղաքականություն

Վանաձորի ավագանին չի աշխատի, քանի ՀՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկած 4 անձինք չեն բացահայտվել. Նաիրա Զոհրաբյան

4 րոպեի ընթերցում

Վանաձորի ավագանին չի աշխատի, քանի  ՀՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկած 4 անձինք չեն բացահայտվել. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ Վանաձորի ավագանին ի վերջո պետք է սկսի աշխատել, սակայն նկատում է, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկած 4 անձինք չբացահայտվեն: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ հորդորով դիմել է այն անձանց, ովքեր չակերտավոր «տղամարդկություն» են ունեցել և թաքուն, գողեգող գնացել ու քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին:Հիմա դիմում եմ իրենց՝ այդքան տղամարդկություն ունեցել եք, որ գողեգող գնացել քվեարկել եք, ուրեմն ունեցեք նույնքան տղամարդկություն՝ կանգնել ու ասելու, որ դուք եք եղել, որից հետո նոր ավագանին կսկսի աշխատել: Չկա այլ տարբերակ, մինչև ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկած այդ չորս անձը չբացահայտվեն, որպեսզի պատասխանատվությունը չլղոզվի: Մինչև նրանք չբացահայտվեն, Վանաձորի ավագանին չի աշխատելու: Դա ԲՀԿ դիրքորոշումն է: Ինձ ասում են՝ մտավախություն չունե՞ք, որ այդ անձինք կարող են «Բարգավաճ»-ից լինել: Ոչ, չունենք, դա արդեն կլինի «Բարգավաճ»-ի պրոբլեմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի առաջարկին՝ Վանաձորի ավագանիում ընդդիմադիր ուժերի կոալիցիա կազմելու և միասին աշխատելու վերաբերյալ: ԲՀԿ առաջնորդն ընդգծեց, որ ցանկացած առաջարկ քննարկելի է, սակայն դա ելք չի կարող լինել, քանի որ այդ անձանց չբացահայտված մնալը լղոզում է կուսակցությունների պատասխանատվությունը: «Մինչև այդ չորս անձի բացահայտումը կազմել կոալիցիա, դա նշանակում է, որ մենք այդպես էլ չէինք իմանա, թե ովքեր էին նրանք, ովքեր կողմ են քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուին: Եվ կուսակցություններից յուրաքանչյուրի վրա խորհրդարանական ընտրություններից առաջ կմնա այդ խարանը: Դրա համար եմ ասում՝ այդքան տղամարդ եք եղել, գնացել թաքուն քվեարկել եք, ուրեմն ունեցեք նույնքան տղամարդկություն՝ կանգնելու ու ասելու, որ դուք եք եղել, լավ եք արել, և մի պարալիզացրեք ավագանու աշխատանքը: Թաքուն քվեարկելը տղամարդկություն չէ»,- հավելեց նա:

Վանաձորում քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքի ավագանին չի կարողանում աշխատել, քանի որ ընտրություններից հետո ընդդիմադիր երեք քաղաքական ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և «Լուսավոր Հայաստան»-ը բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի հետևանքով քվորում չի ապահովվում: Վանաձորի ավագանին քաղաքապետի պաշտոնում ընտրել է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին: Ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն չէր կարողացել ավագանիում ձայների մեծամասնություն ապահովել: Քաղաքապետի ընտրությունից առաջ ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԼՀ-ն համաձայնագիր էին ստորագրել ընտրություններում ԼՀ-ի թեկնածու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, սակայն ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը 19 ձայն հավաքեց և ընտրվեց քաղաքապետ: Ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ավագանիում ստացել էր 13, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: Մնացած 18 մանդատները ստացել են ընդդիմադիր երեք կուսակցությունները: Սակայն քաղաքապետի ընտրության ժամանակ ավագանու՝ ընդդիմությունը ներկայացնող 4 անդամ իրենց ձայնը տվել էին ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին: ԲՀԿ-ն, ԼՀ-ն և ՀՎԿ-ն հայտարարում են, որ այդ անձինք իրենց կուսակցություններից չեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում