Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Պաշտպանական համակարգի հիմքում դրվել է ազգ-բանակ գաղափարը. Վիգեն Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները և հայկական երկու պետությունների առջև ծառացած սպառնալիքները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում Հայաստանի անվտանգային միջավայրը, Զինված ուժերի առջև դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների: Ազգային ժողովում ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ունեցած արտահերթ ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ուստի մենք պարտավոր ենք հզորացնել և զարգացնել մեր Զինված ուժերի պաշտպանական կարողությունները տնտեսական ու ժողովրդագրական ներուժից առաջանցիկ կամ առնվազն այդ ներուժի առավելագույն չափով: Այս իրողությունը մեզանից պահանջում է ունենալ ռազմաքաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց, արդիականացող ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումների արդյունավետ կիրառում, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ այդ նպատակով կառավարության ծրագրի պաշտպանական հատվածի հիմքում դրել են ազգ-բանակի գաղափարը և «հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: «Ազգ-բանակ գաղափարախոսությունը ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է հարաբերվում պաշտպանության գործին: Մեր խնդիրն այս գաղափարախոսությունը ոչ միայն պետական կառավարման հիմքում դնելն է, այլ Հայաստանում և սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդու հասցնելը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նախարարի գնահատմամբ՝ միայն այդ եղանակով է հնարավոր ներդաշնակ համագործակցություն ստեղծել պաշտպանական քաղաքականությունը արտաքին, տնտեսական, քաղաքական, սոցիալական հասարակական և գիտական ասպարեզների հետ փոխկապակցված տեսնելու համար: «Ազգ-բանակ գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորմամբ հայոց բանակը հասարակության դարբնոցի վերածելն է: Արդյունքում ոչ միայն հասարակությունը մարդկային և նյութական ռեսուրսներով իր ներդրումը կունենա հայրենիքի պաշտպանության գործին, այլ նաև բանակը փոխադարձ ներդրում կանի՝ դառնալով հասարակության ռազմահայրենասիրական դաստիարակության դարբնոց»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ