Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Թուրքագետի համոզմամբ` Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում սահմանագիծը չի անցնի

Թուրքագետի համոզմամբ` Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում 
սահմանագիծը չի անցնի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում սահմանագիծը չի անցնի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին  նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա և ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Երկու երկրները պատկանում են տարբեր ռազմաքաղաքական դաշինքի: ՆԱՏՕ-ի շրջանակում Թուրքիան և ԱՄՆ-ը ռազմական դաշնակիցներ են, իսկ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները սրվում են ռազմաքաղաքական ոլորտում: Հետևաբար, Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում սահմանագիծը  չի անցնի»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նշեց, որ տնտեսական ոլորտում երկու երկրները փորձում են վերականգնել հարաբերությունների այն մակարադակը, որը կար մինչ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը: Նա կարևոր համարեց «Թուրքական հոսք» գազատարի հետ կապված  համաձայնությունը: Ըստ նրա, եթե դա իրականցվի, ապա Թուրքիան հնարավորություն է ստանում ամրապնդելու իր դիրքը` ծառայելով որպես գազի մատակարարման կենտրոն: Մյուս ռազմավարական նշանակության համաձայնությունը կապված է ատոմակայանի կառուցման հետ:

Տնտեսական հարցերից բացի, երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում եղել են քաղաքական հարցեր, մասնավորապես, կապված, Սիրիայի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքերը Հալեպի բնակչությանն օգնություն ցույց տալու ուղղությամբ: 

«Սա կարևոր է այն տեսանկյունից, որ Թուրքիան, ըստ էության, չի միանում Արևմուտքին, որը քննադատում է Ռուսաստանի քաղաքականությունն այս խնդրում: Թուրքիան այս առումով դուրս է մնում Արևմուտքի մոտեցումների շրջանակից: Ի դեպ, քննարկվել է Սիրիայում թուրքական զինուժի գործողությունները: Ինչպես գիտենք, Թուրքիան Սիրիայի հյուսիսում գրավել է Սիրիայի տարածքի մի հատվածը: Այս հարցի քննարկումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը չի քննադատում Թուրքիայի ակցիան»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ավելի խորը բանակցություններ անցկացնել սիրիական խնդրով` անցում կատարելով ռազմական ոլորտ: Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ երկու երկրների ղեկավարները փորձում են Սիրիայում ընդհանուր գործողությունների հիմք ստեղծել:

«Ինչպես գիտենք, որոշ հարցերում երկու երկրներն ունեն հակադիր դիրքորոշում, մասնավորապես, Ասադի հետ կապված, որի մասին խոսք չեղավ: Թուրքիան ու Ռուսաստանը փորձում են հակադիր դիրքերը մի կողմ դնել: Սա երկուսի շահերից է բխում, Թուրքիան հնարավորություն է ստանում Սիրիայի հյուսիսում շարունակել իր գործողությունները: Ռուսների համար էլ կարևոր է այն, որ իր գործողություները, որոնք ի նպաստ Ասադի իշխանության են, չի քննադատվում մի պետության կողմից, որը մաս է կազմում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի և Սիրիայի հարևան երկիր է»,-ասաց  Ռուբեն Սաֆրաստյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am