Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանում առկա է կայուն մակրոտնտեսական միջավայր. Սերժ Սարգսյան

Հայաստանում առկա է կայուն մակրոտնտեսական միջավայր. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր: «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» միջոցառմանն այս մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  

Նախագահի խոսքով, տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում վերջին զարգացումները՝ արժույթների կտրուկ արժեզրկումը ցույց տվեցին, որ Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին` ապահովելով երկրում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը բավարարում են հասարակության ակնկալիքները` թույլ տալով, որպեսզի մեր ազգային արժույթն արժեզրկվի տնտեսագիտական հիմնարարներին համապատասխան: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ խստորեն հետևելու են արդյունավետ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության պահպանման ոսկե կանոնին:

«Անխոս, հանձնառու ենք մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավմանը։ Մենք առաջնահերթություն ենք տալիս թվային կառավարության ներդրմանը՝ մեր ժողովրդին և գործարար շրջանակներին 21-րդ դարի պահանջներին համահունչ ծառայություններ մատուցելու նպատակով։ Օրինակ, այսօր յուրաքանչյուրը կարող է առցանց հետևել բյուջետային բոլոր ծախսերին, հարցումներ ու հարցադրումներ կատարել ՀՀ հանրային ծառայությունների մարմիններին և հետևել իր դիմումի կատարման ընթացքին, էլեկտրոնային կարգով ստանալ արտոնագրեր և այլ պետական ծառայություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսում են շոշափելիորեն բարելավել նաև հարկային և մաքսային ոլորտները:

«Մեկ շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր հարկային օրենսգիրքը, որը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին և ներդրողներին։ Մենք պարզեցրել ենք հարկային մարմինների կողմից իրականացվող գործընթացները՝ այդպիսով հարկային վերահսկողության գործընթացը դարձնելով առավել գործարարամետ։ Վերջերս, մենք հանձնառություն ենք ստանձնել մեր գործարար միջավայրը դարձնելու առավել կայուն և կանխատեսելի՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմամբ և ներդրումների պաշտպանության սկզբունքներին հաստատուն հանձնառությամբ։ Այդ սկզբունքները, փաստացիորեն, ամրագրվեցին 2015 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումներում, որտեղ գործարարության զարգացմանն ու ներդրումների դյուրացմանը նպաստող դրույթները հատուկ շեշտադրում ունեն։ Այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը շուտով կիսանախագահական կառավարման ձևից անցում է կատարելու խորհրդարանականին։ Այս նախաձեռնությունը նաև տնտեսական նկատառումներով էր պայմանավորված, և մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավել արդյունավետ կլինի մեր երկրի համար, այդ թվում նաև՝ տնտեսական առումով»,-նշել է Սերժ Սարգսյանը։

Ընդամենը օրեր առաջ կազմավորված ՀՀ նոր կառավարությունը լայն լիազորություններ է ստացել համարձակ առաջ մղելու իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ Հայաստանի ներդրումային միջավայրը շատ ավելի գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: Այդ նպատակով վերափոխվեց էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական զարգացման և ներդրումների» նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներն իրենց հարցերը բարձրացնելու և պատասխաններ ստանալու քաղաքական հարթակ ունենան: Բացի այդ, լիազորություն է տրվել նաև Հայաստանի զարգացման հիմնադրամին` բոլոր հարցերում անվերապահ աջակցել օտարերկրյա ներդրողներին:

«Արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտում ենք որպես Հայաստանի տնտեսությունը խթանող շատ կարևոր բաղադրիչ: Հետևաբար, պարտավորվում ենք ապահովել նաև պիլոտային օրենսդրական լուծումներ խոշոր ներդրողների համար, որոնք կցանկանան այսօրվա ու վաղվա Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ»,-հավելել է ՀՀ Նախագահը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am