Հասարակական

Ժուռնալիստների միությունը քրեական պատասխանատվություն է ակնկալում լրագրողների դեմ բռնություն կիրառողների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Ժուռնալիստների միությունը քրեական պատասխանատվություն է ակնկալում լրագրողների դեմ բռնություն կիրառողների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժուռնալիստների միությունը անդրադարձել է Սարի թաղում և Խորենացի փողոցում միջադեպերին, որոնց ժամանակ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Անկախության հռչակման 25 տարիների ընթացքում խոսքի, մամուլի ազատության պայմաններում աշխատելու անվիճելի ձեռքբերումը, դժբախտաբար, հաճախ մթագնվել է որոշ քաղաքական ուժերի, իրավական համակարգի պատեհապաշտ ներկայացուցիչների անկիրթ, քաղաքակրթության հետ ոչ մի կապ չունեցող վայրագ պահվածքով:

2016թ. հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում և Խորենացի փողոցում բռնի ուժ կիրառելով` ոստիկանները խոչընդոտեցին լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Կրկին իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին լրագրողական կազմակերպությունները: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս իրավական մարմինները ջանքեր են թափում հետաքննելու և ժուռնալիստական գործիքները վերականգնելու համար: Մենք գտնում ենք, որ սրանք սոսկ միջոցառումներ են ու չեն կանխի ժուռնալիստների նկատմամբ վաղվա բռնարարքները:

Քանի դեռ բիրտ ուժի նկատմամբ չեն կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը, 164-րդ հոդվածի 2-րդ մասը, 185-րդ հոդվածի 1-ին մասը, և հասարակությունը չի տեղեկացվել կիրառման արդյունքների մասին, լրագրողական հանրությունը թերահավատությամբ կվերաբերվի իր ազատության իրավունքն ու պարտականությունները ապահովողներին ու պաշտպանողներին:

Հիշեցնենք, որ լրագրողական ազատության միջամտության և խախտման ցանկացած դեպք ինքնին բարձրացնում է հանրային իրավահարաբերությունների հարցը:

Հասարակությունը սպասում է կոնկրետ արդյունքների ու երաշխիքների»,-ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում