Քաղաքական պահանջներին հասնելու միակ ուղին լեգալ պայքարն է. քաղաքագետ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժային միջոցով քաղաքական պահանջներ դնելն ու դրանց լուծմանը ձգտելն անիմաստ է: Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ նման միջոցներով հարցերի լուծումն անհնար է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:
«Նման միջոցներով հարցերի լուծումն անհնար եմ համարում` նկատի ունենալով և’ ժողովրդի տրամադրվածությունը, և’ քաղաքական համակարգի կայունության աստիճանը: Կարծում եմ, որ այս ամենը կարող է քաղաքական դաս լինելու նշանակություն ունենալ: Եվ եթե քաղաքական ուժերը ուզում են որոշակի պահանջներ առաջադրել, ապա ուղին մեկն է` լեգալ պայքար սահմանադրական իրավունքի շրջանակում, մասնակցություն ընտրություններին սեփական քաղաքական պլատֆորմով և այս ձևով սեփական պահանջի հնչեցում: Սա առաջին դեպքն էր մեր 25 տարվա պատմության մեջ, երբ փորձ արվեց նման ձևով քաղաքական խնդրին լուծում տալ»,-ասաց Գարիկ Քեռյանը: Նա ողջունելի համարեց, թե իշխանությունների զսպվածությունը, որ մինչև վերջին պահը չգնացին մարտական գործողությունների, թե զինված խմբի անդամների վերջին որոշումը, որ հայ մարդկանց կյանքը խնայելու գործն առաջնային պլան մղվեց:
Անդրադառնալով այս ընթացքում հայաստանյան քաղաքական ուժերի պահվածքին` քաղաքագետը նշեց, որ ակնհայտ պասիվություն կար:
«Քաղաքական ուժերի առանձնակի մասնակցություն չտեսանք, չեղան իշխանություններին կամ զինված խմբին սատարելու մասին քաղաքական ուժերի հայտարարություններ կամ գործողություններ: «Սասնա ծռեր»-ի գործողությունները հասարակության շրջանում լայն արձագանք գտան, եղան և’ դատապարտողներ, և’ կողմնակցիներ, բնակաբար, ցանկալի կլիներ, որ կուսակցւթյունների դիրքորոշումների բարձրաձայնում, գործողություններ ևս լինեին: Չգիտեմ ինչով էր պայմանավորված, գուցե հետագայում արդարացվի, որ լռությունը ճիշտ քայլ էր կրքերը չբորբոքելու համար, բայց փաստն այն է, որ քաղաքական դաշտում պահպանվեց լռություն»,-հավելեց Գարիկ Քեռյանը:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27-ին նրանք կրկին պատանդ են վերցրել բուժօգնության հասած բուժաշխատողներին:
Հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը:
Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել: