Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀԿ մոտեցումը չի փոխվել, չպետք է թույլ տալ արյունահեղություն. Նաղդալյան

ՀՀԿ մոտեցումը չի փոխվել, չպետք է թույլ տալ արյունահեղություն. Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման հետ կապված ստեղծված իրավիճակից պետք է գտնել խաղաղ հանգուցալուծում, ինչի համար էլ ընթանում են բանակցային գործընթացներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Իշխանության մոտեցումը հայտնել է հանրապետության նախագահը և կուսակցության խոսնակը: Մեր մոտեցումը եղել և մնում է այն, որ հայը հայի վրա չպետք է կրակի: Նոր արյունահեղություն չպետք է թույլ տանք»,- ընդգծեց օրենսդիր մարմնի փոխխոսնակը:

Անդրադառնալով նշված բանակցային գործընթացում հնարավոր զիջումների մասին խոսակցություններին` Նաղդալյանը շեշտեց, որ խնդիրը զիջումների մեջ չէ: «Խնդիրները, որոնց մասին խոսվում է` մեր երկրում տարիների ընթացքում կուտակված խնդիրներ են, որոնց առնչությամբ բարեփոխումներ են ընթանում, սակայն այսօր դրանք ստվերվում են նոր հարցով` իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց արյունահեղության»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Նաղդալյանն անդրադարձավ նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը` շեշտելով, որ այս հարցում ՀՀԿ-ի դիրքորոշումը հնչեցվել է ԱԺ նախագահի կողմից: «Որոշ ստորագրություններ հավաքվել են, սակայն դրանք չեն բավարարել: Կարծում ենք, որ խնդիրը արտահերթ նիստ գումարելը չի, այլ իրավիճակը խաղաղ հանգուցալուծելն է: Կան քրեական գործեր, ընթանում է քննություն, պատգամավորների կողմից այս հարցերի քննարկումը հղի է նոր սրացումներով: Հիմնական մեր մոտեցումը եղել է չվնասելն այսօր ընթացող բանակցային գործընթացին»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

ԱԺ փոխնախագահը նաև մտահոգություն հայտնեց բժիշկների պատանդառության հարցով` շեշտելով, որ այդ մոտեցումն անընդունելի է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am