Զինված խմբի հանձնված անդամներ Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված խմբի` իրավապահներին հանձնված անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը ներգրավված են որպես կասկածյալ, նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Եղիազարյանն ԱԱԾ մեկուսարանում է, Հակոբյանը` Ձերբակալվածների պահման վայրում: Պաշտպանը նշեց, որ երկուսի համար էլ միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն իրականացվի:
Համաձայն ոստիկանության` Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 27-ին իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում