Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սամցխե Ջավախքում տեղի ունեցած դաժան սպանության գործը բացահայտվել է

 Սամցխե Ջավախքում տեղի ունեցած դաժան սպանության գործը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամցխե Ջավախքում ձերբակալվել է երիտասարդ հայ կնոջն ու նրա երեք երեխաների սպանության մեջ կասկածվող անձը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Грузия online»-ին:

Հետաքննության տվյալներով, ձերբակալվածը` 24-ամյա Նոդար Ա.-ն, ներթափանցել է Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչներից մեկի տուն` նպատակ ունենալով կողոպտել: Տանտիրուհին և ընտանիքի անդամները նկատել են գողին և դիմադրություն են ցույց տվել: Նոդար Ա-ն 36-ամյա կնոջը և նրա անչափահաս երեխաներին բութ գործիքով հարվածներ է հասցրել գլխի շրջանում: Տուժածները տեղում մահացել են:  

«Մեղադրյալը հետքերի վերացման նպատակով այրել է տունը և անհետացել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, ընտանիքի 4-րդ անդամը` 5-ամյա երեխան, խեղդամահ է եղել: Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը»,-ասված է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Դեպքի առիթով հարուցվել է  քրեական գործ, քննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 3-րդ Հոդվածի 109 կետի մասով:

Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք անչափահաս երեխաների մարմինները: «Ռուսթավի 2»-ի տեղեկատվության համաձայն` երեխաները 5, 16, 18 տարեկան են: Տանը եղել են կինն ու նրա երեք երեխաները, իսկ ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստան՝ Խաբարովսկ: «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջ գյուղը սարսափի մեջ է: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: Փորձաքննությունների համար մարմիններն ուղարկվել են փորձաքննությունների Նինոծմինդայի շրջանային բյուրո: Նախնական տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի էունեցել երկու օր առաջ: Բարեկամները միայն հուլիսի 10-ին են հայտնաբերել մարմիններ:Ենթադրվում է, որ մորն ու աղջիկներին մահացու վնասվածքները հասցվել են բութ գործիքով,իսկ ամենափոքրին` 5-ամյա տղային խեղդել են: Ամբողջ գիշեր տեղում աշխատել են քրեագետները: Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել իրողությունը: Սպանված ընտանիքի անդամները հայեր են` Խաչոտյաններ: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am