Այս մրցույթն ինձ համար գագաթնակետ է. հույն դիրիժորը՝ խաչատրյանական մրցույթի մասին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը հատել է եզրագիծը: Այս տարի մրցույթի ժյուրիի կազմում էին համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժորներ: «Արմենպրես»-ը զրուցել է ժյուրիի անդամ հույն դիրիժոր Միխալիս Իկոնոմուի հետ:
-Պարոն Իկոնոմու, ի՞նչ տպավորություններ ստացաք հայաստանյան այցից:
-Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այցելել Հայաստան. շատ գեղեցիկ երկիր է: Հաճելի է տեսնել, որ մարդիկ ժպտում են և երջանիկ են: Հայերը շատ նման են իմ հայրենակից հույներին: Կարծում եմ՝ մենք նույն արժեքներն ենք կրում, հնուց եկած ավանդույթները: Մեր մշակույթները ևս նման են, ես դրանում համոզվում եմ, հատկապես երբ լսում եմ ազգային երաժշտությունը:
-Նոր բան իմացա՞ք Հայաստանի մասին ձեր այցի ընթացքում:
- Մենք այցելեցինք թանգարաններ, որ ուղղակի աներևակայելի էին, ես անչափ տպավորված էի ու շատ բացահայտումներ արեցի, որ մտքովս էլ չէին անցնում: Բայց ինձ համար անմոռանալի էր այցելությունը մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գերեզմանին: Դա անկրկնելի մի պահ էր իմ կյանքում:

-Հատկապես ի՞նչն է Ձեզ դուր եկել հայկական մշակույթում:
-Ինձ դուր է գալիս, որ բոլոր մարդիկ, օրինակ, նույն Պետական երիտասարդական նվագախումբը, մեկ դպրոցից են սերում՝ կրելով Օյստրախի ու Կոգանի երաժշտական ավանդույթները: Նվագախումբն իսկապես յուրահատուկ է:
-Հետաքրքիր է Ձեր կարծիքը մի շատ տարածված հարցի վերաբերյալ: Նախկին ԽՍՀՄ երկրներից շատերում երաժիշտներն իրենց թերագնահատված են զգում, չեն գտնում իրենց տեղը և ստեղծագործելու համար հարմար հարթակ. ի՞նչ պետք է անեն նրանք, որպեսզի մոտիվացիա գտնեն և նվիրեն իրենց երաժշտությանը:
-Դա իսկապես կարևոր հարց է: Նրանք պետք է գիտակցեն, որ արվեստն ու երաժշտությունը վեր են բոլոր ճգնաժամերից, պատերազմներից և աղետներից: Դա միայն հետխորհրդային երկրներին չի վերաբերում. աշխարհի տարբեր պետություններ մեծ խնդիրների առաջ են, բայց մեզ՝ երաժիշտներիս, մեր գործը շարունակելու պատրաստակամություն է տալիս սերը արվեստի նկատմամբ: Երաժիշտները պետք է շարունակեն ծառայել արվեստին, ասես դա աշխարհի ամենամեծ ադամանդը լինի: Այն, ինչը մենք չենք կարող ստանալ մարդկանցից, ստանում ենք արվեստից:
-Ո՞րն է դիրիժորների մեծագույն խնդիրը մեր օրերում:
-Դիրիժորության արվեստն այսօր հասել է բարձր մակարդակի, այն ունի մրցակցային դպրոց, ինչը չկար իմ ուսանողական տարիներին: Հիմա նվագախմբերը քիչ են, իսկ դիրիժորները՝ շատ: Հաջողակները կհասնեն իրենց նպատակին, որովհետև խնդիրը միշտ հաջողության մեջ է:

-Ի՞նչ կարծիք ունեք Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի վերաբերյալ. կարո՞ղ եք այն համեմատել այլ մրցույթների հետ:
-Սա լավ սկիզբ է մասնակիցների համար: Եթե մրցանակակիրները բավականաչափ խելացի ու հաջողակ լինեն, ապա կարող են լավ կարիերա ստեղծել: Այս մրցույթի ժյուրիում հրավիրված են շատ հայտնի երաժիշտներ ու հիանալի մարդիկ, դա աննկարագրելի է: Այս մրցույթն ինձ համար գագաթնակետ է, ես պատմելու եմ դրա մասին ամեն տեղ: Հուսով եմ, որ այն շարունակական կլինի, քանի որ սա աներևակայելի է:
-Իսկ ի՞նչ տպավորություն ունեք մասնակիցներից:
-Նրանք օժտված են մեծ ձիրքով, և բոլորը տարբեր դպրոցներից են սերում՝ եվրոպական, ռուսական, ասիական, բայց, կարծում եմ, որ բոլորն ինչ-որ առանձնահատուկ բան ունեն և տարբերվող են: Կարևորն այն է, որ ոչ ոք չտխրի, եթե չստանա գլխավոր մրցանակը: Մենք էլ պետք է նրանց աջակենք: Երաժիշտները պետք է շատ սովորեն և ամեն մեկի կարծիքը չլսեն: Նրանք պետք է լինեն ոչ թե արվեստի ծառաները, այլ ստրուկները, քանի որ հետո արվեստն է դառնալու նրանց ծառան ու բոլոր առումներով ավելի լավ մարդ դարձնելու:
Հարցազրուցը` Լուսինե Ղազարյանի