Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանի հավաքականը ջախջախեց Գվատեմալային. Մխիթարյանը՝ հեթտրիկի հեղինակ

Հայաստանի հավաքականը ջախջախեց Գվատեմալային. Մխիթարյանը՝ հեթտրիկի 
հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում անցկացված ընկերական խաղում ջախջախեց Գվատեմալայի հավաքականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայ ֆուտբոլիստները մրցակցի նկատմամբ հաղթանակի հասան 7-1 հաշվով:

Հանդիպման մեկնարկային րոպեներից Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը և կարողացան մի քանի սուր գրոհներ անցկացնել, սակայն առաջինը հաջողության հասան Գվատեմալայի հավաքականի ֆուտբոլիստները: Հանդիպման 7-րդ րոպեին տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ Գվատեմալայի հավաքականի ավագ Կառլոս Ռուիսը:

Բաց թողած գնդակից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները չհուսահատվեցին և շարունակեցին խաղալ առավելությամբ: Հայ ֆուտբոլիստները արագության և նվիրվածության հաշվին կարողանում էին անընդհատ ճնշման տակ պահել մրցակցի պաշտպաններին և դարպասապահին: Հայաստանի հավաքականի խաղացողների ջանքերը արդյունք տվեցին միայն առաջին խաղակեսի վերջնամասում: Խաղի 39-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ եզրափակելով Էդգար Մանուչարյանի ճշգրիտ ու հաշվարկված փոխանցումը: Ոգևորված ձեռք բերածով՝ հայ ֆուտբոլիստները նետվեցին առաջ և կարողացան մինչև խաղակեսի ավարտ առաջ անցնել հաշվի մեջ: Հանդիպման 45-րդ րոպեին  մեր ֆուտբոլիստները մրցակցի տուգանային հրապարակում գեղեցիկ խաղարկեցին գնդակը՝ շփոթության մեջ գցելով մրցակցի պաշտպաններին և դարպասապահին: Օգտվելով դարպասապահի կոպիտ սխալից՝ Էդգար Մանուչարյանը խփեց իր թիմի երկրորդ գոլն այս խաղում:

Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ հայ ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ: Մեր ֆուտբոլիստները մրցակցին գերազանցում էին բոլոր առումներով: Արդեն հանդիպման 50-րդ րոպեին հավաքականի կազմում իր առաջին գոլը հեղինակեց Գեղամ Կադիմյանը, ով շատ արագ արձագանքեց եզրից Էդգար Մանուչարյանի կատարած հաշվենկատ փոխանցմանը ու գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: 10 րոպե անց՝ 60-րդ րոպեին, հերթական անգամ իր խոսքն ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով ձախ եզրում կարողացավ մրցակցից խլել գնդակը, շարժվեց առաջ ու սուր անկյունից դարպասապահի գլխի վրայով գնդակը կախեց մրցակցի դարպասը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:

Հանդիպման 70-րդ րոպեին կրկին փայլեց Հենրիխ Մխիթարյանը, ով դաշտի կենտրոնում մրցակցից  խլեց գնդակը մեծ արագությամբ նետվեց առաջ ու հարվածային դիրք դուրս բերեց փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովին, ով, մեն մենակ մնալով դարպասապահի դիմաց, կարողացավ մեծացնել իր թիմի առավելությունը: 73-րդ րոպեին անհատական բարձր վարպետությամբ հերթական անգամ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Նա մեծ արագությամբ ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, շրջանցեց դարպասապահին և երկու պաշտպանների ու գնդակն ուղարկեց դատարկ դարպասը՝ դառնալով առաջին հեթտրիկի հեղինակը Հայաստանի հավաքականի կազմում: Խաղի 84-րդ րոպեին էլ գոլի հեղինակ դարձավ Զավեն Բադոյանը՝ արձագանքելով Հենրիխ Մխիթարյանի փոխանցմանը: Արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ տոնեց 7:1 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ տարավ առաջին հաղթանակը: Մինչ այդ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել էր մեկ հանդիպում՝ Երևանում հյուրընկալելով Բելառուսի ազգային ընտրանուն: Այդ խաղն ավարտվել էր 0-0 հաշվով:

Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 1-ին, ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 2-ին, ժամը 7:00-ին), Սալվադորի հավաքականի հետ:

Լուսանկարը՝ ՀՖՖ ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am