Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սոցցանցերի օգտատերերին զայրացրել է Եվրոպական հեռարձակողների միության որոշումը ԼՂՀ դրոշի հետ կապված

Սոցցանցերի օգտատերերին զայրացրել է Եվրոպական հեռարձակողների միության որոշումը 
ԼՂՀ դրոշի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու պատճառով Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ/EBU) նախազգուշացումը դժգոհություն և զայրույթ է առաջացրել սոցցանցերի օտարերկրյա շատ օգտատերերի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանցից շատերը մեղադրել են Եվրոպական հեռարձակողների միությանը երկակի չափորոշիչներով առաջնորդվելու մեջ:

«Նա պարզապես ցույց է տվել դրոշը, ապա խոսել խաղաղության մասին... Ինչո՞ւ են մարդիկ սրանից այսքան մեծ աղմուկ հանում: Դա տարօրինակ է և կեղծավոր... Հատկապես Ադրբեջանի կողմից»,- նշել է Գուտիեր Դեսքամփսը:

Օգտատերերից մյուսը` Լուպչո Նեչովսկին, հույս է հայտնել, որ այս միջոցադեպը կավարտվի միայն փոքր տուգանքով, ինչպես տեղի ունեցավ 2009 թվականին, երբ 43 ադրբեջանցիներ պետության կողմից հետապնդումների, քաղաքական ու հոգեբանական ճնշումների սկսեցին ենթարկվել Հայաստանի օգտին քվեարկելու համար: «Թեպետ այդ ժամանակ խնդիրն իսկապես շատ լուրջ էր, սակայն միայն Ադրբեջանը 3 հազար եվրո տուգանք վճարեց: ԵՀՄ-ն պարբերաբար երկակի ստանդարտներ է կիրառում Եվրոպական հեռարձակողների միության անդամ տարբեր երկրների նկատմամբ: Կարծում եմ` նրանք արդեն վաղուց կորցրել են վստահելիությունը որևէ միջազգային միջոցառում կազմակերպելու հարցում: Ամոթ քեզ, ԵՀՄ»,- նշել է Նեչովսկին:

Օգտատերերից մյուսը` Վանեսա Մորգանը, գրել է. «Ադրբեջանը պետք է անհանգստանա իր իրական սահմանների ներսում մարդու իրավունքների խնդիրների առնչությամբ` իր սահմաններից դուրս գտնվող երկրի դրոշի մասին անհանգստանալու փոխարեն»:

«Ուելսի դրոշը կարելի է, իսկ Լեռնային Ղարաբաղինը` ո՞չ: Դու կամ հանդուրժող ես կամ ոչ: Եվ այս պահին, հարգելի ԵՀՄ, դու պարզապես կեղծավոր ես»,- նշել է Յոհանա Քրիստինա Ռադոշը:

Մեկ այլ օգտատեր` Լուկաս Ռիչարդ Սանդֆորդը իր զարմանքն է հայտնել, թե այդ ինչպես է Ադրբեջանը աղքատիկ գումարով տուգանվում Հայաստանի օգտին քվեարկողներին հետապնդելու համար, մինչդեռ Հայաստանին սպառնում են պատժամիջոցներով:

Սամուել Մուրանսկին ևս հիշեցրել է Հայաստանի օգտին քվեարկողների ձերբակալելու Ադրբեջանի փորձառությունը` ամոթի խոսքեր հնչեցնելով ԵՀՄ հասցեին:

«Բրավո Հայաստան, հարգանքներս: Թող ամեն ոք ասի այն, ինչ ցանկանում է: Բրավո, Իվետա, նա շատ ազնիվ է»,- գրել է Էլենա Գրատչենկոն:

«Ազատ եղիր քո դրոշի հետ: Իվետան այս տարի լավագույն ներկայացումն է ունեցել: Հայաստանը կհաղթի»,- նման կարծիք է հայտնել Վիսենտե Ֆերնանդեսը:

Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու համար: Եվրոպական հեռարձակողների միությունը նշել է, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունը իրեն կդնի այս և հետագա տարիներին մրցույթից որակազրկվելու ռիսկի առաջ: Հայաստանի նկատմամբ դրոշը ցուցադրելու համար պատժամիջոց կկիրառվի մինչև այս տարվա հունիսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am