Արցախ

Ռուսաստանաբնակ հայերը ԼՂՀ ՊԲ-ին են փոխանցել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանաբնակ հայերը ԼՂՀ ՊԲ-ին են փոխանցել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա: Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության պատասխանատու պաշտոնյաներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այնուհետև ընդունել է նշված համայնքների պատվիրակությանը: Գործադիր իշխանության ղեկավարը ողջունել է նրանց և շնորհակալություն հայտնել՝Արցախի նկատմամբ ունեցած սրտացավ վերաբերմունքի և ցուցաբերած աջակցության համար:

«Այն միասնությունը, որ այս օրերին Արցախի շուրջ ձևավորել է աշխարհասփյուռ հայությունը, մեկ անգամ ևս վկայում է հայի ոգու անպարտելի լինելու մասին: Այդ իմաստով, Արցախի ժողովրդի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների, ինչպես նաև արտերկրում ապրող մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր, հատկապես այս օրերին, Արցախի կողքին են»,- նշել է վարչապետը և հավելել, որ ի դեմս սփյուռքի մեր հայրենակիցների՝ Արցախն ամուր թիկունք ունի:

Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչ, պատվիրակության անդամ և նախաձեռնության համահեղինակ Սամվել Զաքարյանը նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին առաջին լուրերը լսելուն պես՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով օգնության ձեռք մեկնել Արցախին: Ս. Զաքարյանի խոսքով՝ բացի նյութական աջակցությունից, տեղի շատ հայեր պատրաստ են անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկապես ներկա գտնվել Արցախում և պաշտպանել հայրենիքը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում