Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Շվեդիայում ՀՀ դեսպանությունը դատապարտում է թուրք գործչի քրեական գործելաոճը

Շվեդիայում ՀՀ դեսպանությունը դատապարտում է թուրք գործչի քրեական գործելաոճը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում ՀՀ դեսպանությունն ապրիլի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով անդրադարձել է Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին մի շարք հակահայկական հայտարարություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում նշված է. «Ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական համայնքները ներկայացնող մի շարք կազմակերպություններ Ստոկհոլմի Սերյելս Տորյ հրապարակում անցկացրել են հանրահավաք։

 

Հանրահավաքի՝ հանրայնորեն տարածված տեսագրության մեջ Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին մի շարք հակահայկական հայտարարություններ է կատարել, որոնք պարունակում բռնություն, ատելություն եւ ռասայական խտրականություն հրահրելու բացահայտ հատկանիշներ, եւ արժանացել են հավաքի մասնակիցների եւ կազմակերպիչների բացահայտ աջակցությանը։

Դեսպանությունը դատապարտում է էթնիկ, կրոնական կամ այլ խմբերի դեմ բռնության քարոզի եւ ատելության ցանկացած դրսեւորում եւ խորապես ցավում է նման քրեական գործելաոճի համար։ Դեսպանությունը լիահույս է, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի ատելության եւ այլատյացության այս դրսեւորումը եւ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները Շվեդիայում հայազգի քաղաքացիների եւ հայկական հաստատությունների անվտանգության ապահովման համար»։

 Ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Տորյ հրապարակում կազմակերպվել էր ցույց, որի մասնակցել են Շվեդիայում բնակվող մոտ 100 ադրբեջանցիներ եւ թուրքեր, Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին իր թուրքերեն ելույթում կատարել է մի շարք հակահայկական և ազգայանամոլական հայտարարություններ, մասնավորապես հայտարարելով. «Հասել է թուրք ազգի միավորվելու ժամանակը։ Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի։ Մահ հայ շներին։ Մահ։ Մահ։ Դիմում եմ հավատացյալ մարդկանց։ Մի խոսք կա՝ հայրենիքի նկատմամբ սերը բխում է հավատից։ Հայրենիքը ուրիշին չի տրվում։ Եկել է թուրքական հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է։ Բոլորին շնորհակալություն, որ եկել եք։ Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»։ Նրա «Մահ հայ շներին, մահ, մահ» վանկարկումներին միացել են ցույցի մասնակիցները։

Միջադեպն ապրիլի 11-ին լայն արձագանք է ստացել շվեդական մամուլում։ Շվեդահայ համայնքի բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ բողոք են ներկայացրել Շվեդիայի ոստիկանություն տվյալ անձի դեմ գործ հարուցելու պահանջով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am