Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Սերբիա այցելելու հրավերը

3 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Սերբիա այցելելու հրավերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 8-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին:Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ և սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեության ակտիվացումը, որն իր դրական ազդեցությունը կունենա նաև խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում համագործակցության ամրապնդման վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նշելով, որ Սերբիայում այժմ ակտիվորեն ընթանում է ԵՄ հետ ինտեգրման գործընթաց, և իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է անդամակցությունը ԵՄ-ին, Սերբիայի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ իր համոզմամբ, փոխադարձ օգտակար կլինի այս ընթացքում Հայաստանի հետ՝ որպես ԵԱՏՄ անդամի, ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանը ևս իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևորում է ԵՄ հետ համագործակցության զարգացումը։

Մայա Գոյկովիչը կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը և հույս հայտնել, որ ՀՀ Նախագահն այս տարի կայցելի Սերբիայի Հանրապետություն, որի շրջանակներում ևս առիթ կլինի քննարկել միջխորհրդարանական հարաբերությունները։

Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սերբիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Մայա Գոյկովիչը նշել է, որ իր երկրի փորձից ելնելով, Սերբիայում խորապես համոզված են, որ խնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միայն խաղաղ ճանապարհով և բացառապես երկխոսության միջոցով։

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ սիրով ընդունում է գործընկերոջ հրավերը՝ այցելելու Սերբիա: Նա ընդգծել է, որ Հայաստանը բաց և անկեղծ է Սերբիայի հետ իր փոխհարաբերություններում, շահագրգռված է զարգացնելու միջպետական կապերը՝ փոխվստահության և համագործակցության մթնոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում