Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Ապրիլ

Հայաստանը, Իրանը, Վրաստանն ու Ռուսաստանը տարածաշրջանային կարևորության էներգետիկ նախագծեր են ձեռնարկել

Հայաստանը, Իրանը, Վրաստանն ու Ռուսաստանը տարածաշրջանային կարևորության 
էներգետիկ նախագծեր են ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև էլեկտրաէներգետիկ ոլորտում համագործակցությունը նոր թափ է ստանում: Դեկտեմբերի 23-ին կայացավ քառակողմ հանդիպում Հայաստանի, Իրանի, Վրաստանի Էներգետիկայի նախարարների և «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին հուշագիր, որով կբարձրանա էներգիայի փոխհոսքերի կառավարման մակարդակը, էլեկտրաէնեգետիկ համակարգերի աշխատանքի արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը: Բացի այդ` նախապատրաստվում են տարածաշրջանային կարևորության մի շարք ներդրումային ծրագրեր: «Չորս երկրների էներգետիկ համակարգերում համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրվեց: Այսօր այս չորս երկրների համատեղ աշխատանքի հնարավորություններ չկան, իսկ այս հուշագրով կստեղծվի այդպիսի հնարավորություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նա ներկայացրեց էներգետիկ համակարգի թողունակության և հզորությունների ավելացման նպատակով նախապատրաստվող ներդրումային ծրագրերը: «Նախատեսվում է մինչև 2018 թվականը շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծը ու հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը: Դրա արդյունքում կապահովվի Վրաստանի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ սինխրոն ռեժիմում աշխատանքի հնարավորություն»,-ասաց նախարարը: Նա ավելացրեց, որ էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը առաջին փուլում կկազմի 350 Մվտ, մինչև 2021 թվականը հասնելով 700 Մվտ-ի:

Բացի այդ` կրկին 2018-ին նախատեսվում է շահագործման հանձնել Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը: Այն թույլ կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել մինչև 1200 Մվտ հզորության:

Երվանդ Զախարյանի խոսքով` վթարների, արտակարգ իրավիճակների դեպքում փոխադարձ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություն է ստեղծվում երկրների համար: «Նախատեսվում է արագ ժամկետներում ձևավորել աշխատանքային խումբ, որ մինչև 2018 թվականը ստեղծի տեխնիկական ու նորմատիվ իրավական դաշտ նշյալ ծրագրերի աշխատանքները կազմակերպելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ հանդիպումն անցկացվի  մյուս տարվա ապրիլին»,-ավելացրեց նախարարը:

Երվանդ Զախարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նկատեց, որ նշյալ նախագծերը երկարաժամկետ հեռանկարի համար են, և ներկայում էլեկտրաէներգիայի սակագների հարց չի քննարկվում: «Այսօր գների հարց օրակարագում չկա, նոր հզորությունների ստեղծման մասին է խոսքը: Ստաբիլ գներ մենք չենք կարող այսօր ֆիքսել»,-եզրափակեց նախարարը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ