Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հանրաքվեին գումար բաժանելու տեսանյութի հիման վրա հարուցվել է քրեական գործ. Կոստանյան

Հանրաքվեին գումար բաժանելու տեսանյութի հիման վրա հարուցվել է քրեական գործ. 
Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված խախտումների հիման վրա հարուցված 14 քրեական գործով այս պահին կա մեկ մեղադրյալ և մեկ կասկածյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Քրեական գործերից մեկը հարուցվել է մինչև հանրաքվեի քվեարկությունը, իսկ մնացած քրգործերը քվեարկության օրվա ընթացքում արձանագրված խախտումների հիման վրա են կազմվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կալանավորված անձն էլ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդած խախտման գործող անձն է. հանձնաժողովի անդամը` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը, ով փորձել էր հանձնաժողովի մեկ այլ անդամի` կաշառք առաջարկելու միջոցով շեղել իր պարտականություններից:

Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ քրգործերից մեկը հարուցվել է երթուղային տաքսու մեջ 10 հազար դրամ բաժանելու տեսանյութի հիման վրա: Նրա խոսքով` տեսանյութի առկայության պարագայում որպես կանոն անմիջապես հարուցվում է քրեական գործ, քանի որ դրանք հանցագործության մասին առերևույթ փաստական հիմք են պարունակում: «Տեսանյութերով զուգորդված հաղորդումներին մենք արդեն ավելի օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենք»,-ասաց գլխավոր դատախազը:

Հաջորդ քրեական գործն էլ հարուցվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը խոչընդոտելու առիթով` հրապարակված տեսանյութի հիման վրա, որում երևում է, թե ինչպես մի երիտասարդ ցանկանում է նրա ձեռքից խլել տեսախցիկը, իսկ մեկ այլ կին էլ խոչընդոտում է լրագրողի ազատ տեղաշարժը` խոչընդոտելով լրագրողի պարտականությունների կատարմանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է արել, թե ներկայացված տեսանյութերի մի մասը մոնտաժված է, արդյոք պարզվել է՝ տեսանյութերը մոնտաժված են եղել, թե ոչ, Գևորգ Կոստանյանը նշեց, որ չի լսել նման հայտարարություն վարչապետից: «Այս կամ այն տեսանյութի մոնտաժված լինել կամ չլինելու մասին հետևություններ հնարավոր է անել բացառապես համապատասխան փորձաքննությունների արդյունքում»,-ավելացրեց գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազություն ստացված հաղորդումներից 16-ը վերաբերել են լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքերին:

ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել է 461 հաղորդում, որից 189-ի մասով այս պահի դրությամբ քրգործի հարցումը մերժելու որոշում է կայացվել, իսկ 14-ով քրեական գործ է հարուցվել:

Նշված հաղորդումներն իրենց բնույթով եղել են. լցոնում` 25, քվեարկության գաղտնիության խախտում` 11, քվեարկության արդյունքների կեղծում` 13, հանձնաժողովի անդամի գործողությունները խոչընդոտել` 13, լրագրողի գործունեությունը խոչընդոտել` 16,  դիտորդի գործունեությանը խոչընդոտել` 59, վստահված անձանց գործունեությանը խոչընդոտել` 14, հանձնաժողովի անդամի նկատմամբ բռնություն` 1, քվեարկության գործընթացին մասնակցած անձանց նկատմամբ բռնություն` 7, չկնքված քվերաթերթիկ` 2, կնիքի կորուստ` 2, այլ բնույթի ընտրախախտումներ` 190:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am