Պատգամավորը ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող է համարում սահմանադրական բարեփոխումները
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրությունն «այո» կասի սահմանադրական բարեփոխումներին, քանի որ բարեփոխումների փաթեթը նախատեսում է ժողովրդավարական ազատությունների ամրապնդում: Հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպամնը նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը:
«Ներկայում գործող Սահմանադրության համեմատ նոր սահմանադրությունը դրական է նաև կուսակցությունների դերի բարձրացման առումով` հատկապես ընդդմիադիր կուսակցությունների, որոնց աննախադեպ իրավունքներ և լիազորություններ են տրվում, մասնավորապես, Ազգային Ժողովում տարբեր քվեարկությունների, որոշումների վրա ազդելու առումով: Բազմաթիվ կարևոր սահմանադրական օրենքներ և առանցքային պաշտոնյաներ չեն կարող անցնել կամ ընտրվել առանց ընդդիմության համաձայնության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարտիրոսյանը:
Ասուլիսին մասնակից, խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն էլ ընդգծեց, որ այն, ինչ գրված է սահմանադրական բարեփոխումների մասին փաստաթղթերում, ժողովրդական երկրի մոդել է:
«Ինչպես կաշխատի այդ մոդելը կամ չի աշխատի, կյանքը ցույց կտա, բայց մի բանում վստահ եմ, որ երկրորդ ընտրական փուլի շրջանակներում մենք իսկապես զգալու ենք փոփոխություններ, բայց փոփոխությունները պետք է սկսենք այսօրվանից, որպեսզի հասնենք ժողովրդավար պետության մակարդակի»,- հավելեց խմբակցության անդամը:
Մարտիրոսյանն, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացում հանրության դերին, նշեց, որ, իր կարծիքով, սահմանադրական փոփոխությունները հանրության խնդիրները չեն:
«Սովորական մարդու համար այսպիսի փոփոխությունները առաջնային, ամենօրյա կյանքի փոփոխությունների խնդիրներ չեն, այնպես որ, զարմանալի չէ, որ հանրությունը աժիոտաժային տրամադրություն չունի: Սա քաղաքական էլիտայի խնդիրն էր, և ես ուրախ եմ, որ քաղաքական էլիտան այնքան հասուն գտնվեց և այս պահին նախաձեռնեց կարևոր սահամանադրական փոփոխությունները»,- շեշտեց նա:
Հանրությունն, ըստ Պողոսյանի պետք է տեղեկացված լինի, և իր ընտրությունն անելիս պետք է այն գիտակցաբար անի, և պատկերացնի, թե այդ ընտրությունն ուր է տանելու:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դեկտեմբերի 6-ին անցկացնելու մասին: Մինչ այդ Ազգային ժողովը ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն էր տվել սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում