Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Քառորդ դար առաջ մեր հացադուլը կարևոր նշանակություն ունեցավ Արցախի ինքնորոշման հարցում. Զորի Բալայան

 Քառորդ դար առաջ մեր հացադուլը կարևոր նշանակություն  ունեցավ Արցախի ինքնորոշման 
հարցում. Զորի Բալայան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում 1990 թվականի սեպտեմբերի 9-29-ին հայտարարված հացադուլի շնորհիվ վերականգնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իրավական-վարչական մարմինները և նրա սահմանադրական իրավունքները, ինչը կարևոր նշանակություն ունեցավ հետագայում Արցախի ինքնորոշման հարցում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում` վերհիշելով քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները, շեշտեց գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: «Մենք չէինք սպասում, որ մեր կատարած քայլերը կունենան այդպսիսի լայն արձագանք և այդ օրերին բազմաթիվ նամակներ էինք ստանում նույնիսկ Տաջիկստանից»,-պատմում է Բալայանը:

«Ես հացադուլն սկսեցի 1990 թվականի սեպտեմբերի 9-ին: Նույն օրը ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի անունով ուղարկեցի պաշտոնական նամակ, որում մասնավորապես ընդգծվում էր. «Ղարաբաղը կործանվում է աչքի առջև, լուծարված է Խորհրդային իշխանությունը: Ոտնահարված են հայ բնակչության պատիվն ու արժանապատվությունը, խախտված են մարդու տարրական իրավունքները, լրիվ թափով ընթանում է ինքնավար մարզի ոչնչացման գործընթացը: Ես ժողովրդական պատգամավոր եմ Լեռնային Ղարաբաղի կողմից: Եվ չեմ կարող ժողովրդի հետ չկիսել նրա վիշտը: Չեմ կարող լռել, գիտենալով, որ լռությունը հանգեցնելու է ողբերգության. Նախիջևանի բախտին կարող է արժանանալ նաև Արցախը: Ահա թե ինչու իմ քաղաքացիական պարտքն եմ համարում հետևել որդիական հինավուրց սկզբունքին. «Հայրենիքի համար արվածը բավարար չէ, եթե արված չէ ամեն ինչ»,-ընդգծեց Բալայանը:

1990 թվականի սեպտեմբերի 29-ին, քաղաքական հացադուլի քսանմեկերորդ օրը անսպասելիորեն բացվեց հյուրանոցային համարի դուռը և երևաց աշխարհի բոլոր հայերին ցավի չափ ծանոթ ուրվագիծը: «Կաթողիկոս Վազգեն Առաջինն էր: Մի ակնթարթ կանգ առավ շեմին, հենվելով դրվագազարդ գավազանին: Ապա դանդաղ քայլեց դեպի սենյակի կենտրոն: Հայացքն ուղղեց հարդարված մահճակալին, որը դատարկ էր, ինչ գնացել էր Վիկտոր Համբարձումյանը, և ընդգծված հանգստությամբ ասաց. «Ես ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն եմ, այլև ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ինչպեսև դուք: Եվ ահա որոշեցի զբաղեցնել հիվանդացած Վիկտոր Համբարձումյանի տեղը: Համենայն դեպս, առանց ձեզ ես չեմ վերադառնա Էջմիածին»,-պատմեց Բալայանը:

 Զորի Բալայանը ընդգծեց, որ նրա կերպարանքում ինչ-որ մի բան կար իմաստուն Սողոմոն արքայից, քանի որ նա լավ գիտեր, որ մինչև վերջ գնալու մեր որոշումը առավել քան լուրջ էր: «Կասկածից վեր էր, որ նա գիտեր նաև ամենակարևորը. մենք երբեք թույլ չենք տա Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հայ ժողովրդի հոգևոր առաջնորդին դիմելու նման վտանգավոր քայլի: Երկար էի աղաչում նրան հրաժարվել իր այդ այլընտրանք չունեցող որոշումից, բայց ամեն ինչ ապարդյուն էր: Նա հաստատակամ էր: Եվ դեռ այդ ամենը տեղի էր ունենում ժուռնալիստների ներկայությամբ: Եվ մենք հանձնվեցինք: Կաթողիկոսը խորամանկ ժպտաց, կկոցելով բարի, խոշոր աչքերը: Սքեմի փեշը թեթևակի մի կողմ քաշելով, անդրահանդերձի լայն գրպաններից հանեց չորս տանձ և հերթով մեկնեց մեզ: Անհնար էր համը նկարագրել: Չէ՞ որ բանն այն չէր , որ ամբողջ երեք շաբաթ, կրկնում եմ, մի փշրանք անգամ չէր եղել մեր բերանում, այլ՝ որ այդ տանձերը քաղել էր կաթողիկոսը, այն էլ՝ սուրբ Էջմիածնի այգուց»,-եզրափակեց Բալայանը:

1990թ. հոկտեմբերի 9-29-ը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել ԽՍՀՄ հայ պատգամավորներ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանն ու ԼՂ նախկին պաշտոնյա Սեմյոն Բաբայանը: Հացադուլի հիմքում ԼՂ տեղական իշխանության մարմինները վերականգնելու պահանջն էր դրված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am